Տաթևի վանքի նորահայտ ծածկագիրը, որը պետք է կարդալ աջից ձախ և հայելու օգնությամբ

  • by Western Armenia, 17 Հուլիսի, 2023 in Ժառանգություն
246 դիտում

Վերջերս լույս է տեսել վիմագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի՝ «Տաթևի վանքի նորահայտ ծածկագիրը» հոդվածը, որտեղ ներկայացվել է Տաթևի վանքում նորահայտ եռատող մի արձանագրություն, որի բովանդակությունը մինչ այժմ, կարելի է ասել, մնացել էր անընթեռնելի։

Տաթևի վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային արտաքին պատի վրա պահպանվել է մի արձանագրություն, որը գրվել է ծածկագրով։ Ժամանակին որոշ մասնագետների կողմից փորձ կատարվել է վերծանել արձանագրության բովանդակությունը, սակայն աշխատանքը կատարվել է մասնակի և ոչ լիարժեք։ Արձանագրության ընթերցմանը խոչընդոտել են մի շարք հանգամանքներ, օրինակ բարձր տեղադրությունը, խոնավությունից եղծվածությունը և գրության ձևը։

Վերջերս որակյալ լուսանկարների միջոցով վիմագրագետ Արսեն Հարությունյանին հաջողվել է վերծանել արձանագրությունը, ինչից ակնհայտ է դարձել, որ այն գրվել է աջից ձախ և շրջագիր, այսինքն, հայելային գրչությամբ։ Եռատող արձանագրությունից պարզ է դարձել, որ այն նվիրվել է երեք հոգևոր հայրերի՝ Տեր Անտոն, Տեր Ստեփանոս և Հայր Կիրակոս Եպիսկոպոսներին։ Եռատող արձանագրությունից բացի այստեղ կարդացվել են նաև «Կոլիճան» և «Տերին» անունները, ինչպես նաև արձանագրության թվականը (1537)։

Հեղինակի կարծիքով՝ վիմագրում հիշատակված հոգևոր հայրերն այցելու-նվիրատուներ են, որոնք ուխտի են գնացել Տաթևի վանք և որոշակի նվիրատվություն արել, որի դիմաց եկեղեցու որմերի վրա հիշատակագրման են արժանացել: Տեքստը, ըստ ամենայնի, ծածկագրվել է նվիրատուների ցանկությամբ, որոնք ձգտել են գաղտնի մնալ։

Ինչպես հեղինակը նշում է իր հոդվածում, ծածկագրությունը կամ գաղտնագրությունը խոր արմատներ ունի ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրավոր-մշակութային ժառանգության մեջ: «Կրիպտոգրաֆիա» միջազգային անունով հայտնի այս երևույթի հիմքում տարբեր իրողություններն ու անունները գաղտնի ու անեղծ պահելը, դրանք տգետ մարդկանց վայրագությունից ապահովագրելն ու սերունդներին ավանդելն էր։

Հայկական ծածկագրությունը՝ իբրև առանձին գիտաճյուղ, դեռևս 19-20-րդ դդ. արժանացել է հայ և օտարազգի հետազոտողների ուշադրությանը։

Շրջագիր ծածկագրության դեպքում տառերը պատկերվում են շրջված, հիմնականում հայելային եղանակով, ինչի հետևանքով ընթերցումը դարձել է աջից ձախ:

Ուսումնասիրողներից Հր. Աճառյանն ու Ա. Աբրահամյանը նշում են, որ նմանօրինակ ծածկագրության վերծանությունը հնարավոր և դյուրին է առաջին հերթին հայելու անդրադարձման միջոցով, կամ պարզապես պետք է գիրը պատճենել թափանցիկ թղթի վրա և, պահելով լույսի դիմաց, վերծանել այն։

Ի դեպ, հայերեն վիմագրերում շրջագիր ծածկագրության այլ օրինակներ ևս հայտնի են։ Նման արձանագրություններ են հայտնաբերվել Լոռու մարզի Կուրթան գյուղում, Թանահատի վանքում, Սևանավանքում, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում և այլն։