1000 հուշարձան, 10 գյուղ․ ի՞նչ է ոչնչացրել Ադրբեջանն Արցախում

  • by Editbeglari, 28 Սեպտեմբերի, 2026 in Ժառանգություն
119 դիտում

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» քննարկման ժամանակ անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության ներկայիս վիճակին։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020 թվականից ի վեր արձանագրված վանդալիզմի դեպքերի թիվը գերազանցում է 1000-ը։ Հիմնովին ոչնչացվել են ավելի քան յոթ եկեղեցիներ, իսկ շուրջ տասը գյուղ ամբողջությամբ վերացել է։ Մասնակի ոչնչացման են ենթարկվել նաև մի շարք այլ բնակավայրեր։ Ավանեսովը նշել է, որ Ստեփանակերտի մոնումենտալ ժառանգությունը, ներառյալ բնակելի թաղամասերը, նույնպես մեծապես ոչնչացվել է։

Անդրադառնալով Ադրբեջանի՝ INTERPOL-ին դիմելու վերաբերյալ տեղեկություններին՝ Ավանեսովը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային հանրությանը ներկայացնել Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ առկա վտանգները և փաստագրել արձանագրված դեպքերը։

Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է INTERPOL-ին պաշտոնական գրություն ուղարկել՝ պարզելու համար, թե ինչ հիմքով և ինչ ընթացակարգով է իրականացվել տվյալների բազայում հնարավոր գրանցումը, ինչպես նաև՝ արդյոք համապատասխան գործընթացն իրականում տեղի ունեցել է։