«Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի հիմնադիր տնօրեն և «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար՝ Արթուր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել է, որ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը Նախիջևանում, Գանձակում ու Արցախի բնակավայրերում սկսվել է դեռ 1960-ականներից՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի օրոք։ 2020թ. պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորները սմարթֆոններով նկարահանել են իրենց վանդալիզմը և տեղադրել ինտերնետում, բայց Բաքվի իշխանությունը, հասկանալով միջազգային իրավունքի խախտման վտանգը, այդ նյութերի տարածումն արգելել է։ Չնայած դրան, այժմ տիեզերական նկարահանման միջոցով հնարավոր է հետևել իրավիճակին։
Գևորգյանի տվյալներով, 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից առաջ Արցախում ու հարակից շրջաններում ոչնչացվել են 250-ից ավելի հայկական պատմամշակութային կոթողներ, հիմնականում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձաններ։ Պատերազմից հետո ադրբեջանցիները ամեն շաբաթ 3-4 հուշարձան ու խաչքար են ավերել։ 2020 թվականից հետո մինչ օրս, վնասվել են 570-ից ավելի հայկական ժառանգության նմուշներ։ Գևորգյանը կոչ է անում հավաքագրել այդ փաստերը և ներկայացնել միջազգային դատարաններ, որպեսզի միջազգային հանրությունը տեղեկացված լինի և ճնշումներ գործադրվեն։
