Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լույս է ընծայել բացառիկ մի հրատարակություն՝ Յարութիւն Գ. Աթանասեանի (1884-?) «Ատաբազարէն Տէր Զօր» անտիպ հուշագրությունը, որը համարվում է Հայերի ցեղասպանության մասին պատմող առաջին վավերագրություններից մեկը։
Դեռևս 1919 թվականին գրի առնված այս արժեքավոր հուշագրությունը հրատարակվել է առանձին հատորով, որի խմբագիրը, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակը ՀՑԹԻ աշխատակից Միհրան Մինասյանն է։
Գիրքն ընթերցողին ներկայացնում է Հայերի ցեղասպանությունը վերապրած ադաբազարցի կրթական-մշակութային և ազգային գործիչ, տպարանատեր, գրող, թարգմանիչ Յարութիւն Գ. Աթանասեանի դժոխային ոդիսականը՝ սկսած 1915-ի ձերբակալություններից մինչև համակենտրոնացման ճամբարներ։ Նրա աչքերով ներկայացված են ոչ միայն սեփական տառապանքները, այլև հայ ազգի ողբերգական վիճակը, թուրք պաշտոնյաների անմարդկային վերաբերմունքն ու անապատներում տեղի ունեցած զանգվածային կոտորածների սարսափազդու իրականությունը։
