Հայազգի գրող և նկարիչ Դանա Մաշոյան Ուոլրաթի «Ցեղասպանությունների գիրքը» (The Book of Genocides), որը 2026 թվականին հրատարակել է Harvard University Press-ը, ուսումնասիրում է ցեղասպանությունների պատմությունը՝ ընդգրկելով հինգ դար և աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցած տասը զանգվածային ոճրագործություն։
Գիրքն անդրադառնում է Ամերիկայի և Ավստրալիայի բնիկ ժողովուրդների ոչնչացմանը, ստրկությանը և սևամորթ ամերիկացիների նկատմամբ բռնություններին, Հայերի ցեղասպանությանը, Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի, Բոսնիայի, Մյանմարի և Գազայի դեպքերին։
Ուոլրաթի պատմության մեկնակետը Պալուն է՝ իր նախնիների հայրենիքը։ Հեղինակը ներկայացնում է նաև իր ընտանիքի վերապրած փորձառությունը Հայոց ցեղասպանության տարիներին՝ անդրադառնալով իր տատիկի պատմությանը և այն բռնություններին, որոնց ականատես է եղել ընտանիքը։
Գրքի հիմնական գաղափարներից մեկն այն է, որ տարբեր ցեղասպանություններ չպետք է համեմատվեն զոհերի թվով կամ բռնության մեթոդներով։ Հեղինակը ցույց է տալիս, որ ցեղասպանություններին նախորդում են իրավունքների սահմանափակումը, մարդկանց տեղահանությունը, հողի զավթումը, խտրական լեզվի տարածումը և հասարակության որոշ խմբերի «ուրիշ» ներկայացնելը։
Ուոլրաթը գիրքը ստեղծել է նաև ժամանակակից իրադարձությունների ազդեցությամբ՝ այդ թվում Արցախի 2023 թվականի էթնիկ զտման և Գազայում շարունակվող բռնությունների ֆոնին։ Նա անդրադառնում է նաև ցեղասպանություն հասկացության ձևավորմանը և Ռաֆայել Լեմկինի գործունեությանը։
Գրքի առանձնահատկություններից է դրա գեղարվեստական ձևը։ Հեղինակը նկարները ստեղծել է 1943 թվականի կենդանաբանության դասագրքի էջերի վրա՝ պատմական բռնությունների մասին նյութերը համադրելով մարդու և կենդանիների դասակարգման հին պատկերացումների հետ։ Որոշ էջերում ընթերցողին առաջարկվում է նաև ֆիզիկապես կտրել և ծալել պատկերները՝ ցույց տալու, թե ինչպես է «ուրիշացման» գործընթացը մարդուն վերածում կարծրատիպի։
«Ցեղասպանությունների գիրքը» ոչ միայն պատմական ոճրագործությունների մասին ուսումնասիրություն է, այլև հիշողության, պատմելու և մարդկային դիմադրության մասին աշխատանք։ Հեղինակը շեշտում է, որ ցեղասպանությունը մարդկային բնության անխուսափելի հետևանք չէ․ այն ստեղծվում է գիտակցված որոշումների, օրենքների և գաղափարախոսությունների միջոցով, և, հետևաբար, հնարավոր է նաև ճանաչել ու կանխել այդ համակարգերը։
