Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովում Վետերանների և հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև հայրենասիրական, հասարակական ու համայնքային կազմակերպությունների հանձնաժողովի անդամ, Հայ վետերան ազատամարտիկների և համախոհների ազգային ասոցիացիայի նախագահ, Արևմտյան Հայաստանի դրոշակիր Վրեժ Աբրահամեանը։


Վրեժ Աբրահամեանը Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն էր։ Նրա կյանքի և գործունեության կարևորագույն առանցքը հայրենիքի, ազգային հիշողության և հայ ժողովրդի իրավունքների պահպանման գաղափարն էր։ Տարիներ շարունակ նա իր աշխատանքով և հասարակական գործունեությամբ իր ներդրումն է ունեցել վետերանների, ազատամարտիկների, հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակական կազմակերպությունների խնդիրների բարձրաձայնման ու պաշտպանության գործում։
Որպես Արևմտյան Հայաստանի դրոշակիր՝ Վրեժ Աբրահամեանը առանձնահատուկ նվիրվածությամբ էր կրում ազգային խորհրդանիշը՝ այն դիտելով ոչ միայն որպես դրոշ, այլև որպես պատմական հիշողության, ազգային արժանապատվության և հայրենիքի հանդեպ հավատարմության խորհրդանիշ։
Նրա անցած ճանապարհը սերունդներին փոխանցվող նվիրումի և պատասխանատվության օրինակ էր։ Վրեժ Աբրահամեանի հեռանալով Արևմտյան Հայաստանի ազգային-հասարակական կյանքը կորցրեց իր ավագ ու նվիրյալ գործիչներից մեկին։
Նրա հիշատակը կմնա հարազատների, ընկերների, զինակիցների, համախոհների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել և գնահատել են նրա երկարամյա ծառայությունն ու նվիրումը։
Հավերժ հիշատակ։
