Վենետոյի Նահանգի խորհրդի նախագահ Լուկա Ձայայի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին

  • by Editbeglari, 23 Սեպտեմբերի, 2026 in Արմենոցիդ
116 դիտում

Սեպտեմբերի 23-ին Հայերի ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Իտալիայի Վենետո Նահանգի խորհրդի նախագահ Լուկա Ձայայի գլխավորած պատվիրակությունը՝ Արեւելյան Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունն ու նշանակությունը։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Շուշան Խաչատրյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, անդրադարձել Հայերի ցեղասպանության տարիներին հայերին աջակցած օտարերկրյա գործիչներին: Մասնավորապես, ներկայացվել են Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի և Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջակոմո Գորինիի հայանպաստ գործունեությունն ու նրանց ջանքերը հայերի փրկության գործում։

Այնուհետև հյուրերը շրջել են Հայերի ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին Լուկա Ձայան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Պատվիրակության անդամների հետ զրուցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության եզրերը։ Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հրաչյա Թաշչյանը պատվիրակության ղեկավար Լուկա Ձայային նվիրել է Հայերի ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։ Իտալական կողմն իր հերթին թանգարան-ինստիտուտին է նվիրել իտալացի նկարիչ Վիկո Կալաբրոյի հեղինակած՝ Վենետիկի Դոժերի պալատի և Սանտա Մարիա դելլա Սալուտե եկեղեցու պատկերներով լիտոգրաֆներ։