ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրենջ Քաունթիում նախատեսվում է կառուցել Հայերի ցեղասպանության առաջին հանրային հուշարձանը։ Հուշարձանը կտեղադրվի Իրվայն քաղաքի Great Park-ում, իսկ բացումը նախատեսվում է 2028 թվականի գարնանը։
Հուշարձանի ստեղծման համար համաձայնագրեր են կնքվել քանդակագործ Բրիթնի Ռայանի և խճանկարի արվեստագետ Միա Թավոնաթթիի հետ։ Կենտրոնական քանդակը կներկայացնի երեխային գրկած մայր, որի շուրջը պատկերված կլինեն կռունկներ։ Մոտ 11 ոտնաչափ բարձրությամբ բրոնզե քանդակը կտեղադրվի պատվանդանի վրա։
Պատվանդանը շրջապատելու է հայկական գորգարվեստից ներշնչված խճանկարային հորինվածքը, որը կստեղծվի բացօթյա պայմանների համար նախատեսված դիմացկուն սալիկներով։
Հուշարձանի նախաձեռնողները նշում են, որ քանդակը և խճանկարը նախատեսված են որպես մեկ ամբողջական ստեղծագործություն՝ միավորելով հիշողությունը, մայրության խորհրդանիշը և հայկական մշակութային ժառանգությունը։
Հուշարձանի կառուցումը կարևոր քայլ է Օրենջ Քաունթիի հայ համայնքի համար՝ Հայերի ցեղասպանության հիշողությունը հանրային տարածքում պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու առումով։ Իրվայն քաղաքը ստանձնել է հուշարձանի հետագա խնամքն ու պահպանումը։
