Ֆրանսիայի Սենտ-Շամոն քաղաքում՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի հայկական կաթոլիկ եկեղեցու բակում, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ Հայերի ցեղասպանության զոհերի։
Օծման արարողությանը մասնակցել են երկու քաղաքների ղեկավարները, հոգևորականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և հյուրեր։ Խաչքարն օծել է Ֆրանսիայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Եղիա Եղիայանը։ Նույն օրը մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։
Մանվել Փարամազյանն արժանացել է Իգնատիոս Մալոյանի անվան մեդալի և Սենտ-Շամոնի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մեդալի՝ հայ հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ավանդի համար։
Փարամազյանի խոսքով՝ խաչքարը կդառնա Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի, հայ ժողովրդի տոկունության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության խորհրդանիշը։
