Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Հայերի ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում էին Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ, ինչպես նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Պերճ Աբգարյանը: Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: ԱՄՆ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այնուհետև հյուրերը շրջեցին Հայերի ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Շրջայցի ավարտին Ֆրեզնոյի քաղաքապետը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հրաչյա Թաշչյանը պատվիրակության ղեկավար պարոն Ջերի Դայերին նվիրեց Հայերի ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
