ԱՄՆ-ի George School-ի աշակերտներն այցելել են Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

  • by Editbeglari, 13 Հուլիսի, 2026 in Արմենոցիդ
102 դիտում

Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիսի 8–11-ը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի George School դպրոցի աշակերտներին՝ «Genocide Education Project» ծրագրի համագործակցությամբ կազմակերպված ամառային դպրոցի շրջանակում։

Սա առաջին դեպքն էր, երբ ԱՄՆ-ից ժամանած ավագ դպրոցի աշակերտները Հայերի ցեղասպանության թեմայով կրթական ծրագրի շրջանակում այցելեցին թանգարան-ինստիտուտ։ Չորս օրվա ընթացքում նրանք մասնակցել են թեմատիկ դասախոսությունների և կրթական այցելությունների՝ ուսումնասիրելով Հայերի ցեղասպանության պատմությունը, զանգվածային բռնությունների ժամանակ քարոզչության ու մեդիայի դերը, վերապրածների վկայությունների նշանակությունը, ինչպես նաև Ավրորա Մարդիգանյանի կյանքն ու «Հոգիների աճուրդը» («Auction of Souls») ֆիլմը։

Ծրագրի ընթացքում աշակերտները նաև այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մատենադարան և Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրեր՝ ծանոթանալով երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությանը։ Թանգարան-ինստիտուտում ընդգծել են, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ցեղասպանությունների վերաբերյալ կրթության, պատմական հիշողության պահպանման և երիտասարդների շրջանում մարդու իրավունքների գիտակցության ամրապնդման գործում։