Երևանի կենտրոնում հիմնվելու է անվանի պատմաբան, հայագետ դոկտոր Ռիչարդ Հովհաննիսյանի անվան գրադարանը։ Նախաձեռնության նպատակն է պահպանել և հանրությանը հասանելի դարձնել գիտնականի հարուստ ժառանգությունը՝ ավելի քան 10 հազար գրքերից և գիտական հատորներից բաղկացած հավաքածուի միջոցով։
Հայերի ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում ծնված Ռիչարդ Հովհաննիսյանը իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությանը՝ դառնալով համաշխարհային հայագիտության առաջատար դեմքերից մեկը։ Նրա հեղինակած աշխատությունները, մասնավորապես «Հայաստանի Հանրապետությունը» բազմահատորյակը, կարևոր ներդրում են ունեցել հայերի պատմության ուսումնասիրման գործում։
Նորաստեղծ գրադարանը նախատեսվում է որպես միջազգային գիտամշակութային կենտրոն, որտեղ կանցկացվեն գիտաժողովներ, քննարկումներ և կրթական ծրագրեր։ Նախագծի իրականացումն արդեն ընթացքի մեջ է, իսկ համաշխարհային դրամահավաքի նպատակն է ապահովել գրադարանի հետագա գործունեությունն ու զարգացումը։
Ծրագրի պատասխանատուն՝ Կարին Հովհաննիսյանը, նշում է, որ գրադարանը ոչ միայն կհավերժացնի մեծ պատմաբանի հիշատակը, այլև նոր սերունդներին հնարավորություն կտա բացահայտելու հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը։
