Կիրակի՝ մայիսի 10-ի երեկոյան, Աթենքի քաղաքապետարանի Բարեկամության սրահում տեղի ունեցավ Հայերի ցեղասպանությանը զոհերին, նվիրված գեղարվեստական միջոցառում՝ կազմակերպված Հունաստանի հայերի միության և Աթենքի քաղաքապետարանի համագործակցությամբ։
Իրենց ներկայությամբ միջոցառումը պատվեցին Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության, Ռամկավար ազատական կուսակցության, Հայ բարեգործական ընդհանուր միության, Հունահայոց թեմի ներկայացուցիչները, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Երեկոյի ընթացքում հնչեցին հայկական մշակույթը ներկայացնող երգեր, հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործություններից հատվածներ՝ հունարեն թարգմանությամբ ասմունքների ուղեկցությամբ, ինչպես նաև ներկայացվեցին հայկական ազգային պարեր։
Մշակութային ծրագրով հանդես եկան Մկրտիչ Պողոսյանի ժողովրդական երաժշտական խումբը և «ԱՎԵՏԻՍ» հայկական ժողովրդական պարախումբը՝ հայկական մշակույթի միջոցով հանդիսատեսին փոխանցելով ազգային հիշողության, դիմակայության և վերածննդի ոգին։
Միջոցառման կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին, հյուրերին և աջակիցներին՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն պատմական արդարության և ազգային հիշողության պահպանման համար։
