Պատմաբան Ստեֆան Իհրիգը հարցազրույցում անդրադարձել է Հայերի ցեղասպանության նկատմամբ Գերմանական կայսրության, գերմանական հասարակության և հետագայում նացիստական շրջանակների վերաբերմունքին։
Իհրիգի խոսքով՝ 19-րդ դարի վերջից գերմանական որոշ շրջանակներում հայերը ներկայացվում էին հակասեմական կարծրատիպերով՝ որպես «Արևելքի հրեաներ»։ Միաժամանակ գերմանական դիվանագիտական շրջանակներում ձևավորվել էր նաև հայերին աջակցող հոսանք։ 1915 թվականին Անատոլիայի գերմանացի հյուպատոսներից շատերը դեմ էին հայերի դեմ իրականացվող գործողություններին և փորձել են միջամտել՝ կանխելու բռնությունները։
Պատմաբանը կարևորում է նաև Յոհաննես Լեփսիուսի գործունեությունը։ Նրա 1916 թվականի զեկույցը, չնայած պատերազմի տարիների խիստ գրաքննությանը, հասել է բազմաթիվ գերմանացի քաղաքական գործիչների, լրագրողների և հոգևորականների։ Լեփսիուսի հրապարակած փաստաթղթերը հետագայում կարևոր դեր են ունեցել Հայերի ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայում ծավալված բանավեճում։
Իհրիգի գնահատմամբ՝ 1921 թվականին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը դարձավ այդ բանավեճի կարևոր շրջադարձային պահերից մեկը։ Դատավարության ընթացքում լայնորեն քննարկվեց Հայերի ցեղասպանությունը, վկայություններ ներկայացրին վերապրածներ և մասնագետներ, իսկ Թեհլերյանն արդարացվեց։
Հարցազրույցում անդրադարձ է կատարվում նաև նացիստական շրջանակների վերաբերմունքին Հայերի ցեղասպանության նկատմամբ։ Իհրիգը նշում է, որ նացիստական գաղափարախոսները հետևում էին այդ ժամանակվա քննարկումներին և որոշ հրապարակումներում հայերի ցեղասպանությունը ներկայացնում էին որպես ազգային պետության ձևավորման օրինակ։ Միաժամանակ նա ընդգծում է, որ Հիտլերի անձնական վերաբերմունքի և Հայերի ցեղասպանության մասին նրա պատկերացումների վերաբերյալ ուղղակի փաստաթղթային տվյալները սահմանափակ են։
Հարցազրույցի վերջում պատմաբանը անդրադառնում է նաև Հայերի ցեղասպանության արտացոլմանը գերմանական գրականության մեջ՝ առանձնացնելով Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» և Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի պատմությունը» ստեղծագործությունները։
