1992-ի հունիսի 21-ին դավադիր կրակոցների զոհ դարձավ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը

  • by Western Armenia, 21 Հունիսի, 2024 in Ազգային Խորհուրդ
56 դիտում

1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ դավադիր կրակոցների զոհ դարձավ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը:

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս։ Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947 - 1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ռ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու գործերում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին նրան միացավ Վլադիմիր Բալայանի ջոկատը, որպես արցախյան թև եւ Հովսեփ Հովսեփյանի եւ Արմենակ Աբրահամեան հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք (Արեւմտեան Հայաստան) ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։