Սակայն պետք է ազատվել աղմուկից ու կրկին փորձել կազմակերպվել

  • by Éditeur, 18 Ապրիլի, 2015 in Կառավարություն
547 դիտում
Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, կանգնած ենք հնից եկող, ներկայիս ծավալվող եւ ապագային միտված բազում սպառնալիքների ու մարտահրավերների առջեւ: Դրանց առանցքում հայությանն եւ Հայաստանին ուղղված ռասիստական-թշնամական օրակարգն է, որը 1919 թ. այսպես է ձեւակերպել Մերձավոր Արեւելքի հարցերով բրիտանացի հայտնի փորձագետ-հետախույզը. «Հայերը պետք չէ ունենան բուն երկիրը», «Հայերը պետք չէ ունենան անկախություն», «Առաջարկում եմ մեկ մանդատ հայերի վրա, մեկ ուրիշ մանդատ Հայաստանի», «Ոչ թե հայերը Հայաստանի համար, այլ Հայաստանը հայերի» (1):   Սա է խնդիրների սկզբնաղբյուրն ու պատճառը՝ սկսած հայերի կոտորածներից մինչեւ համապարփակ ցեղասպանություն ու բռնագաղթ, մշակութային ու պատմական արժեքների ոչնչացումից՝ մինչեւ քաղաքակրթական արժեքների յուրացում, կեղծարարություն եւ այլ հանցագործություններ: Երբ ամեն անգամ թշնամական այս օրակարգը գործարկվում է՝ հայտնվում ենք ահաբեկչությունների ու սադրանքների միջեւ: Նկատելի է, որ այդ հին օրակարգը կրկին գործում է: Հնարավոր է իներցիայի ուժով: Եւ հնարավոր է, որ այնտեղ եւս փոփոխություններ իրականացելու ժամանակը հասունացել է:   Այդ թշնամական օրակարգին դիմակայելու համար բավարար չեն միայն մեզանում շատ հայտնի ու տարածված կարգախոսներն ու բանաձեւերը: Ավելին, հենց այդ կարգախոսներն իրականություն դարձնելու նախապայմանը, առաջին հերթին, հայության ու Հայաստանի օրակարգի ձեւակերպումն է, այդ օրակարգի շուրջ միավորելու համար ողջ ներուժն ու միասնությունը, որպես՝ «Մեկ հայություն եւ մեկ Հայաստան»:   Վերջին տասնամյակներին այս ուղղությամբ շատ կարեւոր եւ հիմնարար աշխատանքներ են իրականացվել տարբեր անհատների եւ խմբերի կողմից: Դրանցից առանձնացնենք երկուսը. «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթը» (2) եւ «Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը» (3): Երկու դեպքում էլ խոսքը հայկական օրակարգի մասին, որովհետեւ հիմնական խնդիրը մնում է եւ կա թշնամական օրակարգին դիմակայելու խնդիրը, որը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հայությունը ամբողջովին կյուրացնի հայկական միասնական օրակարգի հաստատման ու գործադրման կարեւորությունն այս հարցում: Այլ կերպ հնարավոր չէ չեզոքացնել այն ահաբեկչություններն ու սադրանքները, որոնք ամեն օր ի հայտ է գալիս ամենուր՝ Սումգայիթից սկսած մինչեւ Քեսապ, Դեյր էլ Զորից սկսած մինչեւ Արցախի ու ՀՀ-ի սահմանամերձ շրջաններ ու Գյումրի (4):   Հասկանալի է, որ ուժերի համադրության մասին խոսք լինել չի կարող, դրանք չափազանց անհամաչափ են, ինչպես Հին աշխարհում Թերմոպիլեի կիրճում: Հիշեցնենք, որ Թերմոպիլեի ճակատամարտից առաջ շուրջ 300 սպարտացիների դեմ կանգնած պարսկական բազմահազարանոց զորքի բանագնացները հույներին հայտնեցին. -Մեր նետերը կծածկեն արեւի լույսը: -Այդ դեպքում մենք խավարի մեջ կ'կռվենք, - պատասխանեցին հույները:   Դժվար է պատկերացնել ուժերի ավելի մեծ անհամապատասխանության, քան կար այդ պահին Թերմոպիլեիում: Սակայն վախն ու կասկածը հաղթահարված էին, ուստի սպառնալիքը չեզոքացվեց եւ արդյունքում ապահովվեց հույների ու Հունաստանի գոյություն ունենալու եւ ազատ ապրելու իրավունքը:   Պետք է հաղթահարել աղմուկը, վախն ու կասկածը, չեզոքացնել սպառնալիքը եւ ապահովել հայկական օրակարգի գործադրումը, որն իր մեջ ներառում է մի քանի հանգուցային դրույթներ: Դրանք են՝ Ռուսաստանի կառավարության դեկրետի հոդվածների իրականացումը Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ, Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող հոդվածների իրագործումը, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի վավերացրած Իրավարար վճռի իրականացումը, Փարիզի վեհաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի որոշման իրագործումը, Կիլիկիայի անկախության հռչակագրի իրականացումը (5):   Միաժամանակ պետք է միշտ հիշել, որ Հայերի ցեղասպանության դատապարտումը տեղի է ունեցել 1919-ին՝ Կոստանդնուպոլսում, Ռազմական հատուկ ատյանում: Նույն թվականին Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովը հաշվարկել է Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի չափը: Սահմանի վերաբերյալ Իրավարար վճիռ կայացրել է ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը: Սրանք Հայոց իրավունքների նվազագույն շեմն են, որից հայությունը ոչ մի կերպ չի կարող հրաժարվել, որովհետեւ այդ որոշումներն իրականացման համար պարտադիր են եւ սակարկման ենթակա չեն, ինչ կոչեր էլ որ հնչեն այս ու այն կողմերից (6):   Հայության իրավունքների պաշտպանության ճանապարհն այսօր անցնում է Մերձավոր Արեւելքով եւ այնպես չէ, որ օրինակ Սիրիայի հայության ճակատագիրը օտարության մեջ հայության ճակատագրի հարց է ընդամենը, որը կարող է հանգուցալուծվել մի նոր արտագաղթով կամ բռնագաղթով: Քանի որ հայությունը իրականում այլ տեղ չունի նահանջելու, բացի Բնօրրան Հայրենիքից (7,8): Ուստի, պետք է տեր կանգնել հայկական օրակարգին, օրակարգերին, որոնց ձեւակերպումը հնարավոր դարձավ նոր ժամանակներում եւ ապագային կարող է ապահովել հայության ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը, հայության ու Հայաստանի ազատությունն ու անկախությունը:   Տիգրան Փաշաբեզյան Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ   12.04.2015 թ.   ---------------------- Ծանոթագրություն
  1. Տես, Լինկոլն Ստեֆընսի հարցազրույցը Լոուրենս Արաբիացու հետ, «Այդ անտանելի հայերը»: Հարցազրույցն արվել է 1919թ., երբ Արեւմտյան Հայաստանի հայությունն արդեն իսկ ցեղասպանված ու բռնագաղթի ենթարկված էր:
  2. Տես, Արեւմյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթը, 10.10.2014:
  3. Տես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, 29.01.2015:
  4. Տես, Ահաբեկչությունների ու սադրանքների միջեւ, 09.02.2015:
  5. Տես, Հայերի իրավունքների պաշտպանության, վերահաստատման ու իրականացման հարցերի շուրջ, 28.02.2015, nt.am:
  6. Տես, «Թուրքիան հողերը չի վերադարձնի, բայց մասնակի ռեստիտուցիան հնարավոր է». Վարդան Խաչատրյան, 10.04.2015, Tert.am:
  7. Տես, Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր Հայրենիքից, 09.02.2012:
  8. Տես, Արեւմտեան Հայատանի Ազգային Խորհրդի Յայտարարությունը՝ Սուրիոյ հիւսիսային շրջաններում ասորական բնակավայրերի վրա կատարուած յարձակման կապակցութեամբ, 26.02.2015:
  http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm