Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ուղերձը

  • by Éditeur, 26 Հուլիսի, 2016 in Կառավարություն
360 դիտում
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ուղերձ է հղել     ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ եւ Սեւրի Խաղաղության Դաշնագիրը ստորագրած երկրների կառավարություններին   Հայաստանի Հանրապետության ներքին իրավիճակի եւ Արցախյան հարցի խաղաղ կարգավորման խնդիրների կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է.   «Հայաստանի Հանրապետության ներքին իրավիճակի կտրուկ սրման խորքային եւ հիմնական պատճառներից մեկը Արցախյան խնդրի կարգավորման ինչ-որ մի նոր տարբերակ շրջանառության մեջ դնելու հարցն է, այդ թվում՝ տարածքների հանձնման պայմանով եւ հայ հանրության համար չափազանց զգայուն այլ նմանատիպ խնդիրների առկայությամբ։ Ակնհայտ է, որ այդ ամենը չի նպաստելու թե կոնկրետ զինված դիմակայության անարյուն հանգուցալուծմանը եւ թե Արցախյան խնդրի վերջնական ու արդարացի կարգավորմանը:   Հետեւաբար, այս դեպքում, մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ Արցախի, Հայաստանի Հանրապետության, Մերձավոր Արեւելքի, Արեւմտյան Հայաստանի հայության հիմնախնդիրները կարող են լուծվել եւ պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ նկատի ունենալով այն բոլոր որոշումները, որոնք կայացվել են 1920-ական թթ. հայության ու Հայաստանի վերաբերյալ, սակայն մինչ օրս չեն իրականացվել: Դրանց թվում են՝ Սեւրի Խաղաղության Դաշնագրի 92-րդ հոդվածի պահանջը Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման վերաբերյալ, Սեւրի Խաղաղության Դաշնագրի հոդվածները Հայաստանի վերաբերյալ, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանազատման վերաբերյալ:   Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, Մերձավոր Արեւելքի, Արեւմտյան Հայաստանի հայությունը, ինչպես նաեւ համայն հայությունը, իրավունք ունի արժանապատիվ կյանքի, զարգացման հեռանկարի եւ ապագայի հույսի:   Խնդրում ենք նկատի առնել, որ նոր ժամանակաշրջանում՝ 1988-ից ի վեր, Արցախի, Հայաստանի Հանրապետության, Մերձավոր Արեւելքի հայությունը դարձել է թշնամական ծրագրերի ու գործողությունների թիրախ, այդ թվում՝ ագրեսիայի, հարձակումների, բռնագաղթի, շրջափակման: Ավելին, տարածաշրջանում հարձակումների ու ոչնչացման թիրախ են դարձել ոչ միայն հայ մարդիկ ու քաղաքացիներ, թաղամասեր ու բնակավայրեր, գյուղեր ու քաղաքներ, այլեւ Հայոց քաղաքակրթական արժեքներ՝ եկեղեցիներ, դպրոցներ, պատմամշակութային ու կրթական նշանակության շինություններ ու կառույցներ:   Այո, հայությունը եւ Հայաստանը շատ են տառապել, բայց դա չի նշանակում, թե այդպես կարող է անվերջ շարունակվել: Վաղուց ժամանակն է տարածաշրջանում իրավիճակն արմատապես փոխել հանուն խաղաղ գոյակցության ու բնականոն զարգացման:   Ձեզ ուղղված այս ուղերձի իմաստն այդ ամենում Ձեր դրական, կառուցողական եւ գործուն մասնակցության հարցը դիտարկելն է ու դա իրականացնելը»:   Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Լրատվական ծառայություն     25.07.2016 թ.   Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը ուղերձ յղած է   ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդի անդամ եւ Սեւրի Խաղաղութեան Դաշնագիրը ստորագրած երկիրներու կառավարութիւններուն   Հայաստանի Հանրապետութեան ներքին իրավիճակի եւ Արցախեան հարցի խաղաղ կարգաւորման խնդիրներու կապակցութեամբ, որուն մէջ մասնաւորապէս ըսուած է.     «Հայաստանի Հանրապետութեան ներքին իրավիճակի կտրուկ սրման խորքային եւ հիմնական պատճառներէն մէկը Արցախեան խնդիրի կարգաւորման ինչ-որ նոր տարբերակ մը շրջանառութեան մէջ դնելու հարցն է, այդ թուին՝ տարածքներու յանձնման պայմանով եւ հայ հանրութեան համար չափազանց զգայուն այլ նմանատիպ խնդիրներու առկայութեամբ։ Ակնյայտ է, որ այդ ամէնը պիտի չնպաստէ թէ՛ իրապէս զինուած դիմակայութեան անարիւն հանգուցալուծման, եւ թէ՛ Արցախեան խնդիրի վերջնական ու արդարացի կարգաւորման: Յետեւաբար, այս պարագային, մենք կը ցանկանք Ձեր ուշադրութիւնը հրաւիրել այն իրողութեան վրայ, որ Արցախի, Հայաստանի Հանրապետութեան, Մերձաւոր Արեւելքի, Արեւմտեան Հայաստանի հայութեան հիմնախնդիրները կրնան լուծուիլ եւ պէտք է լուծուին բացառապէս իրաւական դաշտի սահմաններուն մէջ՝ նկատի ունենալով այն բոլոր որոշումները, որոնք կայացուեր են 1920-ական թթ. հայութեան ու Հայաստանին վերաբերեալ, սակայն մինչեւ օրս չեն իրականացուեր: Ատոնց շարքին են՝ Սեւրի Խաղաղութեան Դաշնագիրի 92-րդ յօդվածի պահանջը Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ սահմանազատման վերաբերեալ, Սեւրի Խաղաղութեան Դաշնագիրի յօդուածները Հայաստանին վերաբերեալ, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Ուիլսոնի կայացուցած Իրաւարար վճիռը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանազատման վերաբերեալ: Կը խնդրենք հաշուի առնել, որ Հայաստանի Հանրապետութեան, Արցախի, Մերձաւոր Արեւելքի, Արեւմտեան Հայաստանի հայութիւնը, ինչպէս նաեւ համայն հայութիւնը, իրաւունք ունի արժանապատիւ կեանքի, զարգացման հեռանկարի, եւ ապագայի յոյսի: Կը խնդրենք նկատի առնել, որ նոր ժամանակաշրջանին՝ 1988-էն ի վեր, Արցախի, Հայաստանի Հանրապետութեան, Մերձաւոր Արեւելքի հայութիւնը դարձեր է թշնամական ծրագիրներու եւ գործողութիւններու թիրախ, այդ շարքին՝ նախայարձակման, յարձակումներու, բռնագաղթի, շրջափակման: Աւելին, տարածաշրջանին մէջ յարձակումներու եւ ոչնչացման թիրախ դարձեր են ոչ միայն հայ մարդիկ ու քաղաքացիներ, թաղամասեր ու բնակավայրեր, գիւղեր ու քաղաքներ՝ այլեւ Հայոց քաղաքակրթական արժեքներ, եկեղեցիներ, դպրոցներ, պատմամշակութային ու կրթական նշանակութիւն ունեցող շինութիւններ ու կառոյցներ: Այո, հայութիւնը եւ Հայաստանը շատ տառապեր են, բայց այդ չի նշանակեր, թէ այդպէս կրնայ անվերջօրէն շարունակուիլ: Արդէն շատոնց ժամանակը հասունցած է տարածաշրջանին մէջ իրավիճակն արմատապէս փոխելու յանուն խաղաղ գոյակցութեան ու բնականոն զարգացման: Ձեզի ուղղուած այս ուղերձի իմաստն այդ ամենուն մէջ Ձեր դրական, կառուցողական եւ գործուն մասնակցութեան հարցը դիտարկելն է, ու զայն իրականացնելը»:   Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան Լրատուական ծառայութիւն     25.07.2016 թ.