Միջոցառում Արցախում՝ «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-րդ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 11-րդ տարեդարձի կապակցությամբ

  • by Éditeur, 18 Դեկտեմբերի, 2015 in Պաշտոնական
339 դիտում
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում 2015 թ. դեկտեմբերի 18-ին Արցախի Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ «Խնուս» մշակութային հիմնադրամի պատրաստած «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը:   Միջոցառումը օրհնության աղոթքով բացեց Շուշիի Սրբ Ղազանչեցոց եկեղեցու հովիվ՝ Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանան:   Հաղորդավարը նշեց, որ՝ «Խնուս» մշակութային հիմնադրամը ստեղծվել է 2005թ.: Գործունեության տասը տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է հոգեւոր-հայրենասիրական տասնյակ նախագծեր ու միջոցառումներ, արժանանալով ճանաչման ու բարձր գնահատանքի: Իրականացված նախագծերից են Արեւմտյան Հայաստանի Խնուս գավառի քարտեզը, Սամվել Մհերյանի հեղինակած` «Մենավոր Բազեն» պատմավեպը, «Եդեմի Պարտեզը» վավերագրական ֆիլմը, «Ճշմարիտ Լույսը» եւ «Այբ Քէ» հոգեւոր բանաստեղծությունների ժողովածուն, որն արժանանացել է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությանը եւ գնահատականին: Հիմնադրամի նախագծերին մասնակից են դարձել արմատներով բազմաթիվ խնուսցիներ եւ Մեծ եղեռնը վերապրած հայորդիների զավակներ, ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ արտասահմանում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում: Լեռնային Ղարաբաղի Մշակույթի եւ երիտասարդության նախարարության աջակցությամբ, «Խնուս» մշակութային հիմնադրամը հնարավորություն ունի իր գործունեության վերջին պտուղը` «Տունդարձի Ճամփան» վերնագրված` փաստագրական ֆիլմը ներկայացնել նաեւ Արցախի հանդիսատեսին: Ֆիլմը ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Հայոց Բնօրրան աշխարհը, որտեղ ուխտավորները անցնելով Պատմական Հայրենիքի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը:   Ելույթ ունեցավ «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանը:   Հաղորդավարը ներկայացրեց նաեւ, որ՝ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները սկսվեցին 2004 թվականին, երբ Շուշիում հիմնադրվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Առաջնորդվելով ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի եւ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի դրույթներով ու նորմերով, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը իրականացրել է Արեւմտյան Հայաստանի հայերի, որպես բնիկ՝ իրավունքների իրականացումը, այդ թվում, պետական կարգավիճակի նկատմամբ իրավունքները, 2011-2014 թվականներին ձեւավորելով Արեւմտյան Հայաստանի պետական կառույցները: Այդպես ձեւավորվեցին Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտը:   Ելույթով հանդես եկավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության վարչապետ` Տիգրան Փաշաբեզյանը: (Ելույթը տրվում է կից)   Զեկույցով հանդես եկավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արմենակ Աբրահամյանը:   Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Լրատվական Բաժին   18.12.2015 թ.