Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների և բնիկության հարցը՝ Լիտիա Մարկոսեանի ելույթում

  • by Editbeglari, 26 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
80 դիտում

2026 թվականի սեպտեմբերի 20-ին Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի և Ազգային խորհրդի ամառային համալսարանի շրջանակում Լիտիա Մարկոսեանը հանդես է եկել «Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանությունը և բնիկությունը» թեմայով զեկույցով։

Լիտիա Մարկոսեանը շեշտել է, որ Արևմտյան Հայաստանի հայերի հարցը միայն պատմական հիշողության խնդիր չէ, այլ նաև միջազգային իրավունքի շրջանակում քննարկվող հարց։ Նրա ելույթի առանցքում եղել է հայ ժողովրդի՝ որպես իր պատմական հայրենիքի բնիկ ժողովրդի, իրավունքների և ինքնորոշման հարցը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել 1917-1920 թվականների իրավաքաղաքական գործընթացներին, այդ թվում՝ 1920 թվականի Սևրի դաշնագրին և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին։ Լիտիա Մարկոսեանի ներկայացմամբ՝ այդ փաստաթղթերը շարունակում են մնալ Արևմտյան Հայաստանի իրավական պահանջների հիմնավորման կարևոր բաղադրիչներից։

Նա նաև ներկայացրել է Արևմտյան Հայաստանի ազգային կառույցների ձևավորման ընթացքը՝ 2004 թվականին Շուշիում Ազգային խորհրդի հռչակումից մինչև հետագա պետական կառույցների ձևավորումը։ Առանձնահատուկ տեղ է հատկացվել մշակութային ժառանգության պահպանությանը, տեղանունների փոփոխությանը, հայկական պատմամշակութային արժեքների յուրացմանը և արևմտահայերենի պահպանման խնդրին։

Ելույթում անդրադարձ է եղել նաև Արցախի հայության իրավունքներին, 2023 թվականի իրադարձություններին և միջազգային կառույցների կողմից բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մեխանիզմների անհրաժեշտությանը։ Լիտիա  Մարկոսեանը առաջարկել է ՄԱԿ-ի շրջանակում ստեղծել լրացուցիչ մասնագիտական մեխանիզմ և բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ գործող հռչակագիրը վերածել իրավաբանորեն պարտադիր միջազգային պայմանագրի։

Զեկույցի առանձին հատվածում ներկայացվել է նաև Վանա լճի բնապահպանական վիճակը՝ որպես Արևմտյան Հայաստանի բնական և մշակութային ժառանգության կարևոր մաս։ Լիտիա Մարկոսեանը կոչ է արել միջազգային կառույցներին իրականացնել լճի վիճակի անկախ գիտական մշտադիտարկում։

Ելույթի եզրափակիչ հատվածում ընդգծվել է, որ Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցում կարևոր են միջազգային իրավական փաստաթղթերի կիրառումը, պատմամշակութային ժառանգության պահպանումը և ազգային ինքնության շարունակական փոխանցումը հաջորդ սերունդներին։