Ժնևում ավարտվել է ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 18-րդ նստաշրջանին նախորդած նախապատրաստական հանդիպումը

  • by Editbeglari, 11 Հուլիսի, 2026 in Լուրեր
98 դիտում

Հուլիսի 11–12-ին Ժնևի Վեռնիե քաղաքում՝ BIRD Playground կենտրոնում, տեղի ունեցավ ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի (EMRIP) 18-րդ նստաշրջանին նախորդած բնիկ ժողովուրդների նախապատրաստական հանդիպումը, որին մասնակցեցին աշխարհի տարբեր տարածաշրջանների բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ։

Երկօրյա ծրագրի առաջին օրը մեկնարկեց Project Access նախաձեռնության շրջանակում կազմակերպված կողմնորոշիչ և ուսուցողական դասընթացով, որը նախատեսված էր առաջին անգամ մասնակցող պատվիրակների համար։ Մասնակիցներին ներկայացվեցին EMRIP-ի ստեղծման պատմությունը, լիազորությունները, գործունեության զարգացման փուլերը և մեխանիզմի կիրառման գործնական հնարավորությունները։ Դասընթացից հետո տեղի ունեցավ Բնիկ ժողովուրդների կոկուսի (Indigenous Caucus) նիստը։

Հուլիսի 12-ին աշխատանքները շարունակվեցին կոկուսի հերթական նիստով, որին հաջորդեց հանդիպումը EMRIP-ի փորձագետների հետ։ Օրվա երկրորդ կեսին անցկացվեց համակարգող հանդիպում, որի ընթացքում ընտրվեցին յոթ սոցիոմշակութային տարածաշրջանները ներկայացնող պատվիրակները, որոնք հանդիպելու են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ։ Օրը եզրափակվեց Բնիկ ժողովուրդների կոկուսի հերթական նիստով։

Նախապատրաստական հանդիպման ընթացքում քննարկվեցին EMRIP-ի 18-րդ նստաշրջանի օրակարգի հիմնական թեմաները, այդ թվում՝ բնիկ ժողովուրդների իրավունքները հակամարտությունների և հետհակամարտական իրավիճակներում, ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի իրականացումը, տարբեր երկրներում իրականացվող գործունեությունը, Բնիկ լեզուների միջազգային տասնամյակը, արհեստական բանականության ազդեցությունը բնիկ ժողովուրդների վրա, ինչպես նաև բնիկ ժողովուրդների մասնակցության ընդլայնումը ՄԱԿ-ի աշխատանքներին։

Քննարկումների օրակարգում ընդգրկված էին նաև մեխանիզմի ապագա գործունեությունը, նախորդ հանձնարարականների կատարման գնահատումը, Մարդու իրավունքների խորհրդին ներկայացվելիք առաջարկությունները, թեմատիկ ուսումնասիրությունների և զեկույցների ընդունումը, ինչպես նաև 2027 թվականին նախատեսվող ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի ընդունման 20-ամյակի և ՄԱԿ-ի 80-ամյակի միջոցառումների նախապատրաստությունը։

Հանդիպման ընթացքում ապահովվել է նաև համաժամանակյա թարգմանություն, ինչը հնարավորություն է տվել տարբեր մայրցամաքներից ժամանած պատվիրակներին լիարժեք մասնակցել քննարկումներին։

Օրակարգի ֆրանսերեն տարբերակը հասանելի է հետեվյալ հղումով՝ https://www.docip.org/fileadmin/documents/Autochtones/Draft_Agenda_IP_Caucus_EMRIP_2026_FR.pdf