Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 36-րդ նիստում քննարկվել են COP 17-ին մասնակցության և խորհրդարանի աշխատանքային ծրագրերի հարցերը

  • by WesternArmenia, 09 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
162 դիտում

2026 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 36-րդ նիստը՝ Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանի գլխավորությամբ։ Նիստը մեկնարկել է ժամը 21։30-ին և ավարտվել 22։00-ին։ Ընտրված 50 պատգամավորներից նիստին մասնակցել է 14-ը՝ համացանցային կապի միջոցով։

Նիստի ընթացքում միաձայն ընդունվել է օրակարգը, ընթերցվել նախորդ նիստի արձանագրությունը և քննարկվել ընթացիկ հարցեր ու ծրագրեր։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող COP 17 համաժողովին Արևմտյան Հայաստանի համակարգի՝ որպես բնիկ ժողովրդի ներկայացուցչի, մասնակցության հարցին։ Քննարկվել է նաև կենսաբազմազանության թեման՝ հաշվի առնելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների կապը տվյալ խնդրի հետ։ Պատգամավորներին առաջարկվել է ցանկության դեպքում պատրաստել ելույթներ կամ հարցազրույցներ՝ բնիկ ժողովուրդների և կենսաբազմազանության առնչությունների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանի պատգամավորների մանդատների և այցեքարտերի պատրաստման նախագծին։ Նախատեսվում է դրանք կազմել երկլեզու ձևաչափով՝ ներառելով պատգամավորների համապատասխան տվյալները։ Նշված նախաձեռնությունները կներառվեն Ազգային ժողովի ներքին կանոնակարգում։

Նիստն ամփոփել է Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը։