Մասիս Ինճիճյան․ «Հայ լինելը ոչ միայն ինքնություն է, այլև պատասխանատվություն և առաքելություն»

  • by WesternArmenia, 15 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
518 դիտում

Արևմտյան Հայաստանի զավակ Մասիս Ինճիճյանի համար հայրենիքը պարզապես աշխարհագրական տարածք չէ, այլ ինքնության, հոգևոր կապի և ազգային առաքելության անբաժանելի մաս։

Ծնված լինելով Կոստանդնուպոլսում՝ Ինճիճյանը մեծացել է հայկական դպրոցի, եկեղեցու և համայնքային կյանքի միջավայրում։ Նրա ընտանիքի արմատները հասնում են առնվազն 19-րդ դարի սկզբին, իսկ ընտանեկան պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի Մխիթարյան միաբանության անդամ, աշխարհագրագետ և բանասեր Ղուկաս վարդապետ Ինճիճյանը, որի գիտական ժառանգությունը կարևոր արժեք է ամբողջ հայության համար։

Տարիներ շարունակ ապրելով Գերմանիայում և Շվեյցարիայում՝ Մասիս Ինճիճյանը համոզվել է, որ հայրենիքից հեռու հայկական ինքնության պահպանումը պահանջում է անձնական ջանք, գիտակցված ընտրություն և սերունդներին ազգային արժեքները փոխանցելու կամք։

«Հայ լինելը պատասխանատվություն է»,– ընդգծում է նա՝ հայությունը դիտարկելով ոչ միայն որպես ազգին պատկանելություն, այլև որպես հոգևոր առաքելություն։ Նրա համոզմամբ՝ այդ առաքելությունը հնարավոր է իրականացնել ճշմարտության, ինքնաճանաչման և բարձր արժեքներին հավատարիմ մնալու միջոցով։

Անդրադառնալով Արևմտյան Հայաստան կատարած իր այցելություններին՝ Իճիճյանը շեշտում է, որ իր համար կարևոր էր ոչ միայն պատմական վայրերը տեսնելը, այլև հայրենի հողի հետ անմիջական կապը զգալը։ Նրա ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանը ամբողջական Հայաստանի անբաժանելի մասն է, իսկ հայրենիքի գաղափարը չի սահմանափակվում քաղաքական սահմաններով։

Զրույցի ընթացքում նա կարևորում է նաև բանավոր պատմությունների դերը ազգային հիշողության պահպանման գործում՝ ընդգծելով, որ անցյալի փորձն ու արժեքները պետք է փոխանցել ճշգրտությամբ և պատասխանատվությամբ։ Հայկական խոհանոցի ավանդույթների մասին խոսելիս էլ առանձնացնում է պոլսահայ խոհանոցի հարուստ ժառանգությունը և ընտանեկան սեղանի շուրջ ձևավորված միասնականության մշակույթը։

Մասիս Ինճիճյանի խոսքում հայրենիքը, ազգը և անհատը փոխկապակցված ամբողջություն են։ Նա համոզված է, որ սեփական արմատների գիտակցումը, ճշմարտության հանդեպ հավատարմությունը և հոգևոր աճը կարող են օգնել հայությանը վերագտնելու իր ուղին և արժանապատվորեն շարունակելու իր պատմական առաքելությունը։