2026 թվականի օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 29-րդ նիստը՝ Նելլի Հարությունյանի նախագահությամբ։ Նիստին առցանց ձևաչափով մասնակցել է 14 պատգամավոր։
Նիստի գլխավոր հարցերից մեկը «Հայ Ճամբայ» ռազմահայրենասիրական ճամբարի արդյունքների ներկայացումն էր։ Նշվել է, որ հնգօրյա ճամբարի ընթացքում պատանիները մասնակցել են հայրենասիրական և ռազմական պատրաստության տարբեր միջոցառումների։ Ճամբարի ընթացքն առաջիկայում կամփոփվի նաև կարճ ֆիլմում՝ ներառելով հարցազրույցներ և ճամբարային առօրյան ներկայացնող տեսանյութեր։
Խորհրդարանի անդամները բարձր են գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության և հայրենիքի պաշտպանության վերաբերյալ գիտելիքների կարևորությունը։
Նիստում անդրադարձ է կատարվել նաև Կիլիկիայի անկախության և Սևրի դաշնագրի վավերացման թեմաներով կազմակերպված առցանց հանդիպումներին, դրանց ընթացքին և արդյունքներին։
Նիստն ամփոփել է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը։
