Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 17-րդ նիստը․ անդրադարձ Պոնտոսի հույների ցեղասպանությանը 

  • by Editbeglari, 21 Մայիսի, 2026 in Լուրեր
192 դիտում

2026 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով 17-րդ նիստը, որը անցկացվեց առցանց ձևաչափով։ Նիստին մասնակցեցին 53 ընտրված պատգամավորներից 17-ը։

Նիստը բացեց և վարեց ԱԺ պատգամավոր Մարիետա Դումիկյանը։ Օրակարգի հաստատումից և նախորդ նիստի արձանագրության ընթերցումից հետո քննարկվեցին ազգային և քաղաքական կարևոր նշանակություն ունեցող հարցեր։

Տիկին Դումիկյանը ներկայացրեց մայիսի 24-ին նախատեսվող առցանց հանդիպման կարևորությունը՝ նվիրված Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ստեղծման 13-ամյակին։ Իր խոսքում նա ընդգծեց, որ Ազգային ժողովի ձևավորումը կարևոր քայլ էր պետական ինստիտուտների կայացման և ազգային ինքնակազմակերպման ճանապարհին։

Նիստի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ կատարվեց նաև Պոնտոսի հույների ցեղասպանության թեմային։ Մասնակիցները շեշտեցին, որ մայիսի 19-ը հիշատակի և ցավի օր է, որը միավորում է Պոնտոսի հույների և Արևմտյան Հայաստանի հայության ողբերգական ճակատագրերը։ Նշվեց, որ երկու ժողովուրդներն էլ XX դարի սկզբին ենթարկվել են ցեղասպան քաղաքականության՝ կոտորածների, բռնի տեղահանությունների և հայրենազրկման։

Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ ավերվել են եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային արժեքներ՝ նպատակ ունենալով վերացնել ժողովուրդների պատմական ներկայությունը հայրենի հողերում։ Ելույթ ունեցողները կարևորեցին պատմական հիշողության պահպանումը և արդարության պահանջի շարունակականությունը։

Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մարիետա Դումիկյանը։