COP17-ի շրջանակում «Արցախ միության»՝ Արցախի ժողովրդի խնդիրները և կենսաբազմազանությունը ներկայացնելու հայտը մերժվել է։ Կազմակերպության նախագահ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ իրենց չեն տրամադրել տաղավար կանաչ գոտում՝ առանց մերժման պատճառները պարզաբանելու։
Արցախի Հանրապետության առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր Աշոտ Սարգսյանը նշել է, որ այս քայլը զրկել է արցախահայերին իրենց իրավունքների և բնիկ ժողովրդի կարգավիճակի մասին միջազգային հարթակում բարձրաձայնելու հնարավորությունից։ Մինչդեռ COP17-ի շրջանակում ներկայացված են եղել այլ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների խնդիրները։
Աշոտ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել արցախահայերի իրավունքների և նրանց բնիկ լինելու հարցի վրա։ Նա ընդգծել է նաև Արցախի լեգիտիմ կառույցների ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ միջազգային հանրությունը շարունակում է հետաքրքրվել Արցախի և արցախահայության խնդիրներով։
