Ադամ Շիֆը եւ 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը Բաքվի վայրագություններից

  • by Western Armenia, 26 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
51 դիտում

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում հորդորել են ԱՄՆ-ին առաջնահերթություն տալ Արցախում վտանգի տակ գտնվող հայկական ժառանգություն ունեցող վայրերի պաշտպանությանը` Բաքվի պաշտոնյաների հետ հետագա ողջ դիվանագիտական ​​շփումների ընթացքում։ 

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Բաքվի ռազմական հարձակմամբ արդեն իսկ ապացույցներ կան, որ նա շարունակում է ինչպես այս տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը:  Օրենսդիրներն ընդգծել են՝ Պետքարտուղարությունը պետք է ավելին անի Բաքվի գործողությունները կանխելու համար։ 

Նամակում ընդգծվում է 1997-2011 թվականներին Նախիջևանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը, ինչպես նաև Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ (նաև հայտնի է որպես Կանաչ ժամ) վերջերս տեղի ունեցած ավերումը: Այն նաև նշում է, որ Բաքուն հաճախ փորձել է քողարկել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը` իր գործունեությունն անվանելով «պատմական» վայրերի «վերականգնում», ինչպես նաև ջնջելով հայկական ժառանգությունը՝ պնդելով, որ վայրերը «կովկասյան ալբանական» ծագում ունեն:

«Շուրջ 500 հայկական մշակութային ժառանգության օբյեկտներ վտանգի տակ են՝ Բաքվի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո, այդ թվում՝ աշխարհի ամենահին եկեղեցիներն ու վանքերը, որոնք թվագրվում են 4-րդ դարով, և բարդ քանդակված խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում»,- գրված է նամակում։