Ադրբեջանական իշխանությունների ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ. ՀՀ ԱԳՆ

  • by Western Armenia, 28 Փետրվարի, 2023 in Քաղաքականություն
126 դիտում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ներկայացնում ենք հայտարարությունից հատվածներ․ «35 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները բռնի տեղահանվեցին։

Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Արցախի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով: Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։

Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր  է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափակված է պահում Բերձորի ճանպարհը և այս գործողության նպատակը Արցախում ապրող ավելի քան 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է:  Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Արցախը հայաթափելու իր քաղաքականությունը»:Արևմտյան Հայաստանն հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում ցեղասպանված մեր հայրենակիցների հիշատակին, միաժամանակ արձանագրում է, որ այդ ցեղասպան քաղաքականությունը Ադրբեջանական իշխանություններն այսօր շարունակում են Արցախում և որ Հայկական իշխանությունները ոչինչ չեն արել ադրբեջանահայերի իրավունքները միջազգային դատարաններում պաշտպանելու համար։