Վերջին ամիսներին Բաքվում ակտիվացել է Հայաստանի տարածքի վերաբերյալ քարոզչությունը։ Ըստ տվյալների՝ Բաքվի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը վերջին չորս ամսվա ընթացքում 137 հրապարակում է արել, որոնցում Հայաստանի Հանրապետությունը ներկայացվել է «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմամբ։
Այս հրապարակումները ներառում են տարբեր քննարկումներ, մրցույթներ և նյութեր, որոնք կազմակերպվում են Բաքվի բուհերում և կրթական հաստատություններում՝ Հայաստանի տարածքը որպես «ադրբեջանական հող» ներկայացնելու նպատակով։
Նման քարոզչական հաղորդումներ տարածվում են նաև ադրբեջանական հեռուստաալիքներով։ Մասնավորապես, Baku TV-ն արդեն մի քանի տարի եթեր է հեռարձակում «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա» հաղորդաշարը, որտեղ Հայաստանի տարածքի վերաբերյալ նմանատիպ պնդումներ են ներկայացվում։
Փորձագետների կարծիքով՝ այս քարոզչությունը հակասում է տարածաշրջանում խաղաղության մասին հայտարարություններին և արտացոլում է Բաքվի ռեժիմի կողմից առաջ մղվող քաղաքական օրակարգը։
