ԱՄՆ–Իրան. կողմերը շարունակում են սպառնալ միմյանց, միաժամանակ՝ Քաթարի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում

  • by WesternArmenia, 31 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
92 դիտում

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ցանկացած սպառնալիքի դեպքում Իրանի զինված ուժերը պետք է անհապաղ պատասխան տան՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։ Նա հրահանգել է զինված ուժերին բարձր պատրաստվածության մեջ լինել։ Իրանի ռազմական հրամանատարության հաղորդմամբ՝ պատրաստվածության բարձր մակարդակ է պահպանվում Պարսից ծոցի ափին, Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի շրջանում, ինչպես նաեւ երկրի հյուսիսարեւմտյան եւ հարավարեւելյան սահմաններին։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ 

Միաժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը նախընտրում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն ունի ռազմական գործողություն իրականացնելու կարողություն։

Reuters-ի հաղորդմամբ՝ Իրանի եւ Քաթարի ներկայացուցիչները շաբաթ օրը Դոհայում բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով Պարսից ծոցի պատերազմից դուրս գալու հնարավոր ուղիները։ Քաթարը նախկինում առաջարկել էր յոթօրյա վստահության ամրապնդման ծրագիր, որը Թեհրանը բավարար չի համարել։ Իրանի առաջարկը ներառում է ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման վերացում, սառեցված ակտիվների ապասառեցում եւ Հորմուզի նեղուցով նավարկության համար իրանական առաջարկած երթուղու ընդունում։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունները շարունակվում են տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի պայմաններում։