Արդեն երրորդ տարին անընդմեջ ամերիկացի 15 ուսուցիչ մասնակցում է ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպության ծրագրին։
Տասնօրյա տևողությամբ ծրագրի շրջանակներում կազմակերպվում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, որի նպատակն է իրական փաստերի և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրմամբ կազմակերպված դասընթացների միջոցով հենց ամերիկացի ուսուցիչներին ներկայացնել հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատմությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի տնօրեն, ամերիկահայ Ռոքսան Մաքասջյանը մանրամասնել է, որ տարիներ առաջ Կալիֆորնիա նահանգում օրենք է ընդունվել, որի համաձայն՝ ցեղասպանության մասին պետք է պատրաստվեին նյութեր և դասավանդվեին ամերիկյան դպրոցներում։ Սակայն, երբ որոշ ժամանակ հասկացել են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ այդ նպատակի համար դրամական միջոցներ չեն տրամադրվել։
Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքից ելնելով իրենց մոտ ծնվել է մի գաղափար, ըստ որի՝ անհրաժեշտ է եղել ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի դպրոցներին և ուսուցիչներին ունենալ թեմայի շուրջ համապատասխան նյութեր և պատրաստված կադրեր, ովքեր պատշաճ կերպով կներկայացնեն ու կդասավանդեն հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատմությունը:
Նա ընդգծել է, որ իրականացված աշխատանքը շատ մեծ արդյունավետություն են ունեցել, և նույնիսկ մասնակից ուսուցիչները զարմանք են արտահայտել՝ ասելով, որ իրենք մշտապես ցանկացել են անդրադառնալ այդ թեմային, սակայն չեն իմացել, թե որտեղից կարելի է սկսել։
Գործադիր տնօրենը նաեւ հավելել է, որ դրա պատճառն այն է, որ հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատմության վերաբերյալ մշտապես գոյություն է ունեցել շատ լուրջ հակաքարոզչություն, և ամերիկացի ուսուցիչները հաճախ չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղից կարող են գտնել հավաստի և ճշմարիտ տեղեկատվություն պատմության վերաբերյալ:
