ԱՄՆ  կառավարությունը կրճատել է Բաքվին՝ ֆինանսական աջակցությունը

  • by Western Armenia, 15 Մարտի, 2024 in Քաղաքականություն
43 դիտում

Ամերիկյան կառավարությունը 2 միլիոն դոլարով կրճատել է Բաքվին հատկացվող ֆինանսական աջակցությունը։

«Վաշինգտոնը, սակայն, չի հստակեցնում՝ արդյո՞ք նման որոշումը պայմանավորված է Բաքվին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացմամբ»,֊փոխանցում է «Թուրան»   գործակալությունը։ 

Լրատվամիջոցը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչ Վերմայի հայտարարությունը, նշում է, որ հաջորդ տարվա համար ԱՄՆ կառավարությունը մտադիր է հատկացնել 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, որն, ըստ պաշտոնյայի, ներառում է աջակցություն՝ տնտեսական աճին, առևտրի ընդլայնմանը, անգլերենի ուսուցմանը, քաղհասարակությանն ու անկախ մեդիային, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններին և տարածաշրջանում երկխոսության և վստահության հասնելու միջոցառումներին։ 

1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի՝ թիվ 907 ենթաբաժինը Վաշինգտոնին արգելում է Բաքվին ռազմական օգնություն տրամադրել, սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակումից հետո, Միացյալ Նահանգների նախագահները մինչև հիմա կասեցրել են բանաձևը ՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։ Այդ գործողություններում Աֆղանստանի մատակարարումների համար օգտագործվում էր նաև Բաքվի տարածքը, սակայն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո Բաքվի  գործոնը թուլացել է։

Այս տարի թիվ 907-ի արգելքը դեռ չի կասեցվել։