ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պատասխանատվության ենթարկել Բաքվին

  • by Editbeglari, 10 Հուլիսի, 2024 in Լուրեր
311 դիտում

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ՝ Ֆրենք Փալոունի, Գուս Բիլիրակիսի, Ադամ Շիֆի և Դեյվիդ Վալադաոյի համատեղ հայտարարությունը, որով Բայդենի վարչակազմին կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Բաքվին Արցախի էթնիկ զտումների համար, նպաստել Արցախ հայերի վերադարձին և Բաքվի շարունակական ագրեսիայի պայմաններում աջակցել Արեւելյան Հայաստանի ինքնիշխանությանը:

Մեկնաբանելով կոնգրեսականների նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մեր համայնքը, կոալիցիոն գործընկերները և Կոնգրեսի դաշնակիցները միավորված են Բաքվին պատասխանատվության ենթարկելու իր ռազմական հանցագործությունների համար՝ սկսած Ալիևի կողմից Արցախի էթնիկ զտումից և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումից մինչև Արեւելյան Հայաստանի տարածքի շարունակական օկուպացիան և հայ գերիների ապօրինի կալանավորումն ու բռնությունը»:

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հայտարարությունը, որը համընկնում է այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման հետ, կոչ է անում Բայդենի վարչակազմին «ապահովել, որպեսզի Բաքուն առերեսվի իր գործողությունների հետևանքներին և չխրախուսվի ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման և Արցախի ավելի քան 120․000 հայերի էթնիկ զտման համար»:

«Բայդենի վարչակազմը պետք է երաշխավորի, որ Բաքուն հետևի է միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիների վերադարձը, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը և Արցախի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո»,- այսպես է եզրափակվում կոչը: