ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը պարտավորեցնում է Բաքվին պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը

  • by Editbeglari, 19 Մայիսի, 2026 in Լուրեր
142 դիտում

ԱՄՆ Կոնգրեսը պարտավորեցրել է Բաքվին պահպանել Լեռնային Արցախի մշակութային ժառանգությունը և էթնիկ հայերի՝ Լեռնային Արցախում գտնվող իրենց տները վերադառնալու իրավունքը։ Դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ 119-րդ գումարման Կոնգրես (2025-2026 թթ.) ներկայացված H.R. 6840 օրինագիծը հստակ պահանջներ է սահմանում Բաքվի նկատմամբ։ Փաստաթղթի 2-րդ՝ «Հայաստանի անվտանգային աջակցության վերանայում» բաժնում ամրագրված 5 առանցքային կետերով ԱՄՆ օրենսդիր մարմինը պայմանավորում է Բաքվի հետ հարաբերությունները՝ պարտավորեցնելով վերջինիս ճանաչել էթնիկ հայերի՝ Լեռնային Արցախ վերադառնալու իրավունքը, ինչպես նաև երաշխավորել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը https://www.congress.gov/bill/119th-congress/house-bill/6840/text։

 Կարևոր է արձանագրել, որ փաստաթուղթը պարտավորեցնում է Բաքվին․

Ճանաչել էթնիկ հայերի՝ Լեռնային Արցախում գտնվող իրենց տները վերադառնալու իրավունքը և պարտավորվել պահպանել հայկական մշակութային և կրոնական վայրերը Լեռնային Արցախում։

Պահպանել Համատեղ հռչակագրով ստանձնած իր պարտավորությունները։

Ամբողջությամբ դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Դադարեցնել թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ։

Կարևոր է արձանագրել, որ վերոնշյալ 5 կետերի կատարումն ապահովելու նպատակով՝ ԱՄՆ Պաշտպանության քարտուղարը պարտավոր է օրենքի ընդունումից 180 օր անց, իսկ հետագայում՝ տարեկան կտրվածքով (այլ գերատեսչությունների հետ համակարգմամբ), Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովներին հավաստել, որ Բաքվի կառավարությունը ձեռնարկել է էական քայլեր այդ ուղղությամբ։ Եթե Պաշտպանության քարտուղարը չի կարող հավաստել 5 կետերով նախատեսված տեղեկատվությունը, ապա նման հավաստման պահանջվող ժամկետից ոչ ուշ, քան 14 օր հետո, Քարտուղարը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող Միացյալ Նահանգների անվտանգային աջակցության անհապաղ վերանայում՝ գնահատելու Հայաստանի զսպման և ինքնապաշտպանական կարողություններում առկա բացերը։

Ընդգծենք, որ ԱՄՆ հետևողական կերպով փորձում է օգնել հայկական մշակութային ժառանգությանը պահպանությանը, ի մասնավորի մեջբերելով նաև 2025 թ․ հուլիսի 23-ին, ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամների պաշտոնական նամակը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ անդրադառնալով տարածքի պատմական եկեղեցիների ու վանքերի ոչնչացման՝ Բաքվի քաղաքականությանը։ Այս մասին առավել մանրամասն՝ տես https://monumentwatch.org/hy/2025/07/25/ամն-կոնգրեսի-87-անդամներ-պաշտոնական-նամ/։

Բացի այդ, կարևոր է նշել, որ սա ԱՄՆ Կոնգրեսի միակ նախաձեռնությունը չէ։ Խոսքը վերաբերում է մի օրինագծի, որը նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում ֆինանսավորել  Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկյան դպրոցներում Հայերի ցեղասպանության պատմությունը դասավանդելու և ուսուցիչներին վերապատրաստելու համար։ Փաստաթղթի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել իրազեկվածությունը 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունների մասին՝ կանխելով դրանց ժխտումն ու փաստերի խեղաթյուրումը https://www.congress.gov/bill/119th-congress/house-bill/2585/text։