ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է հայերի դեմ իարկանացված ցեղասպանության հուշահամալիր՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացնել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Տիկին Զեյան ծաղկեպսակ է դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
ԱՄՆ-ից ժամանած հյուրերին ուղեկցել են Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Ներկայացրել են նաև Հիշողության պուրակի պատմությունը և նշել, որ առաջին ծառը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոուլը՝ ի հիշատակ ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի, 1997 թ.-ին:
Պատվիրակության անդամները շրջել են նաև ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Ուզրա Զեյան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
