2006 թվականին Հրանտ Դինքի դեմ դատական գործի շրջանակում դատարանի շենքում և դրա շրջակայքում տեղի էին ունենում ռասիստական հարձակումներ, սպառնալիքներ և լինչի ենթարկելու փորձեր։ Դատավարության մասնակիցները ստիպված էին ոստիկանների ուղեկցությամբ շրջանցել ագրեսիվ ամբոխը՝ դատարան հասնելու համար։
Հրանտ Դինքի փաստաբանն իր վկայության մեջ պատմում է, թե ինչպես անվտանգության միջոցառումների պայմաններում ստիպված էին նրան գաղտնի մուտքով ուղեկցել դատարանի շենք։ Դատական միջանցքներում հավաքված մարդիկ գոռում էին, բռունցքներ թափահարում և թքում, մինչդեռ Հրանտ Դինքը շարունակում էր քայլել՝ առանց արձագանքելու։
«Մինչ այդ ես բազմիցս ամոթ էի զգացել՝ տեսնելով, թե ինչպես են ճնշողները վերաբերվում ճնշվածներին, կամ մեծամասնությունը՝ փոքրամասնությանը։ Բայց այդ օրը ես խորապես ամաչեցի այն մարդկանց համար, որոնք ամոթի ամենաչնչին զգացում անգամ չունեին»,– գրում է հեղինակը։
Նա ցավով նշում է, որ արդարադատություն իրականացնելու կոչված դատարանը դարձել էր ռասիստական հարձակումների ու ահաբեկման վայր, իսկ երկրի դատական համակարգը չէր կարողացել պաշտպանել փոքրամասնության ներկայացուցչի իրավունքները։
Հեղինակը եզրափակում է՝ այդ դեպքերը չպետք է մոռացվեն, և խոստանում հաջորդ հոդվածում շարունակել պատմել դատարանում տեղի ունեցածի մասին։
