Վատիկանյան Avvenire թերթը հրապարակել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերրարիի հոդվածը Բաքվի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության մասին: «Արցախ, այսպես Բաքուն ջնջում է հայկական մշակույթը» խորագրով հոդվածում իտալացի պրոֆեսորը, հղում անելով «Caucasus Heritage Watch» հետազոտական ծրագրի ներկայացրած փաստերին, շեշտում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի անկումից հետո ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր ոչնչացվել կամ վնասվել են: «Հայերն ու ադրբեջանցիները շատ հակասական հարաբերություններ ունեն՝ սկսած 1905 թվականին ռուսական առաջին հեղափոխության ժամանակ բռնկված կատաղի հակամարտությունից: 1918-ից 1920 թվականներին ռուսական կայսրության փլուզմանը հաջորդեցին այլ դաժան բախումներ: Նախիջևանի և Արցախի վիճելի շրջանները Բաքվին վերագրելու խորհրդային ընտրությունն ուժեղացրեց երկու երկրների միջև թշնամությունը: Արցախի հայերի` Հայաստանին միանալու խնդրանքը 1988 թվականին սկզբում պատճառ դարձավ նրանց դեմ ջարդերի ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում: 1992-1994 թվականների պատերազմը ծնունդ տվեց միջազգային հանրության կողմից չճանաչված Արցախի հայկական հանրապետությանը (տարածաշրջանի հնագույն հայկական անվանումը), որի մաս էին կազմում նաև ադրբեջանցիներով նախկինում բնակեցված տարածքներ»,- նշում է հոդվածի հեղինակը: Ալդո Ֆերրարին հավելել է, որ երեք տասնամյակի դիվանագիտական բանակցություններն արդյունք չտվեցին, մինչև Բաքուն վերականգնեց տարածաշրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը՝ նախ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան հաղթական պատերազմով, ապա՝ 2023 թվականի սեպտեմբերին կարճատև, բայց արյունալի ռազմական միջամտությամբ:
«Այսպես Բաքուն ջնջում է հայկական մշակույթը». Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորի հոդվածը
- by Editbeglari, 09 Օգոստոսի, 2024 in Լուրեր
338
դիտում
