«Անկարան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական բանակցություններում»․ Միթաթ Չելիքփալան

  • by Western Armenia, 17 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
28 դիտում

 «Քադիր-Հաս» համալսարանի պրոֆեսոր Միթաթ Չելիքփալան Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնարկած գործընթացի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:

Չելիքփարան գործընթացի մասին իր դիտարկումները ձևակերպել է՝ վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին գնահատականներ տալով:

Թուրք պրոֆեսորը, նախ ներկայացնելով հանդիպման լուսաբանված և չլուսաբանված կողմերը, նշել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները չեն լուծվել, ապա ընդգծել, որ հանդիպումը եղել է անարդյունավետ:

Ըստ Չելիքփալայի՝ Ալմաթիի հանդիպումը ոչնչով չի տարբերվել նախկինում՝ Գերմանիայի միջնորդությամբ կայացած երկկողմ բանակցություններից, քանի որ երկու դեպքում էլ հանդիպումն ավարտվել է առանց փաստաթղթի ստորագրման, այսինքն՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։

Այս համատեքստում նա շոշափել է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Անկարայի միջնորդական դերի հնարավորությունը՝ կտրականապես բացառելով այն: 

Համոզմունքը թուրք պրոֆեսորը բացատրել է նրանով, որ խաղաղության գործընթացը վերածվում է աշխարահաքաղաքական մի գործընթացի, որը ,սակայն, Բաքուն  փորձում է կանխել և խնդիրները լուծել Երևանի հետ երկկողմ հանդիպումների ճանապարհով:

Բացի այդ, նա ընդգծել է, որ պայմանագրի ստորագրումը կարող է լինել մինչև 2024-ի ամռան վերջ՝ նախքան Բաքվում՝ նոյեմբերին, Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)՝  «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի»՝ COP29-ի գումարումը:

«Ադրբեջանը դա (COP29-ի Բաքվում անցկացվելը) կարևորում է: Ես ենթադրում եմ, որ նրանք չեն ցանկանա, որպեսզի նախաձեռնությունից առաջ մեծ խառնաշփոթ լինի և կամ՝ մի բան, որը կխախտի տարածաշրջանային հավասարակշռությունը։

Ուստի, կարծում եմ՝ եթե բանակցային գործընթացը մի փոքր ավելի երկարի, կողմերի միջև համաձայնագիր կստորագրվի»,-հավելել է թուրք պրոֆեսորը։