Աշխարհի ավելի քան 150 գործարար, հումանիտար և քաղաքական գործիչ Ալիևին կոչ են արել ազատ արձակել ապօրինի կալանավորված հայերին

  • by Western Armenia, 12 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
42 դիտում

Միջազգային լայն ճանաչում և համբավ  ունեցող ավելի քան 150 գործիչներ, ներառյալ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և հումանիտար գործիչներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել  հայ բանտարկյալներին, այդ թվում՝ ութ քաղբանտարկյալներին՝  Արցախի  նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ապօրինաբար ձերբակալվել են սեպտեմբերին Բաքվի կողմից Արցախ ներխուժելուց և  այն գրավելուց հետո: Նրանցից բացի, տասնյակից ավելի գերիներ շարունակում են մնալ կալանքի տակ։ Համատեղ  կոչ-նամակը ստորագրողները  լուրջ անհանգստություն են  հայտնում կալանավորված անձանց, ներառյալ հայ նշանավոր գործարար ու մարդասեր Ռուբեն Վարդանյանի պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի առնչությամբ: Նրանց ձերբակալությունը հաջորդել է ադրբեջանական ուժերի կողմից  իրականացված էթնիկ զտման  արշավին: Դեկտեմբերի 7-ին 32 հայ գերիների ազատման մասին հայտարարությունը թեև սպասված առաջին քայլն էր, սակայն մյուս բոլորը ևս պետք է ազատ արձակվեն: Ութ քաղաքական բանտարկյալների և մնացած գերիների՝ Բաքվի կողմից ազատ չարձակելու փաստը ավելի է խորացնում  Ալիևի ռեժիմի կողմից նրանց շարունակական կալանքի տակ պահելու շարժառիթների վերաբերյալ մտահոգությունը: