Ապրիլի 24-ին Ուրուգվայում բոլոր պետական հեռուստա եւ ռադիոալիքները կանդրադառնան այս թեմային

  • by Western Armenia, 05 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
13 դիտում

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ նիստին ներկա 74 պատգամավորների 74 կողմ քվեներով ընդունել է օրենքի նախագիծը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է ‹‹Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի օր›› և բոլոր պետական հեռուստա և ռադիոալիքները պարտավորվում են այսուհետ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ այս թեմային: 

Պատգամավորները կարևորել են օրենքի ընդունումը մարդկության դեմ գործված հանցագործությունների դատապարտման, այդպիսով դրանց կրկնությունը կանխելու և ժխտողականությունը մերժելու տեսանկյունից: Նշել են՝ անպատժելիության պայմաններում Բաքուն նախորդ տարի իրականացրեց Արցախի( Լեռնային Ղարաբաղի) 120.000 հայերի բռնի տեղահանումը, իսկ այսօր էլ շարունակում է մշակութային ցեղասպանությունը:

Պատգամավորներն ընդգծել են նաեւ՝ իրենց համար հպարտություն է, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը, իսկ այժմ էլ դառնում է առաջին երկիրն աշխարհում, որն օրենքի ուժով պարտավորեցնում է պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ թեմային: