Առևանգված զինվորների հանդեպ գործողությունները հակասում են միջազգային իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան կոնվենցիայի պահանջներին. ՄԻՊ

  • by Western Armenia, 10 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
75 դիտում

Բաքվի իշխանությունների գործողությունները` Հայաստանի տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են, հայտարարում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

«Այս գործողությունները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին», - նշել է Անահիտ Մանասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ զինծառայողները գերեվարվել են Հայաստանի տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Մանասյանը հավելել է, որ ադրբեջանական կողմից քարոզվող հայատյացության պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները։ Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո, ինչի մասին են վկայում Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրած տեղեկությունները։