Ավարտվել է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

  • by Western Armenia, 17 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
42 դիտում

Մայիսի 16-ին շարունակվել է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ համաժողովի երրորդ օրը մեկնարկել է Արևելյան Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումով՝ Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) պատվիրակության հետ՝ Արևելյան Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերի գլխավորությամբ:

“Կողմերը քննարկել են ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը, ջրային, հողային և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման հեռանկարները և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին կնքվել է 2024-2027թթ. համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է Արևելյան Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից՝ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերը:

Արևելյան Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության  միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) պատվիրակության հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ենթակառուցվածքների ոլորտում:

Նախարար Հովհաննիսյանը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:  Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը: Նիդերլանդների ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգն իր հերթին բարձր է գնահատել ՎԶԵԲ տարեկան համաժողովի՝ բարձր մակարդակով կազմակերպումը:

Արևելյան Հայաստանի ֆինանսների նախարարը հաջորդիվ հանդիպում է անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության հետ՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթյուի գլխավորությամբ: Կողմերն անդրադարձել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցությանը, պետական գնումներին և այլ հարցերի”,- նշվում է հաղորդագրությունում։