Արդեն տեսածի երևույթ ՝ 451,1920, 2020թթ․

  • by Western Armenia, 27 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
21 դիտում

(Էսսե մաս առաջին` 451թ․)

Մենք շատ ենք սիրում վերաշարադրել և ձևափոխել մեր պատմությունը՝ ըստ ժամանակների և քաղաքական պահանջների: Մենք փոխում ենք պատմության փաստերը այնպես, ինչպես դա մեզ այդ րոպեին է թվում շահավետ: Բայց սրա մեջ ունենք մի կարևոր հատկանիշ. պատմական պարտությունները սիրում ենք նկարագրել կա՛մ որպես «բարոյական հաղթանակ», կա՛մ էլ որպես «դավաճանության» արդյունք: Ինչու՞․ որովհետև պատմական իրադարձությունների բարդ նկարագրությունները գլուխ են ցավեցնում։ Իսկ նայեք որքան գրավիչ և հեշտ են հասարակ բացատրությունները:

Պետք չէ մտածել՝ «ամեն ինչ շատ պարզ է»: Ստանում ենք մի «հերոս» և մի «չարագործ-դավաճան» ինչպես մի շատ հավես հոլիվուդյան ֆիլմում: Բայց ամենակարևորը՝ սա մեզ հնարավորություն է տալիս անտեսել այն, որ գուցե մենք ի սկզբանե անկարող էինք հաղթել և որ մեր պարտությունները գուցե մեր իսկ սխալների հետևանքն են եղել: 

Western Armenia TV-ին ներկայացնում է ՝  «Արդեն տեսածի երևույթ ՝ 451,1920, 2020» էսսեն, որտեղ մեր թղթակիցը ներկայացնում է մեր ազգային հակամարտությունները։

451թ․

Վերցնենք Ավարայրը: Ի՞նչ եղավ 451 թվականին: Մենք սիրում ենք ասել որ Պարսկաստանն ու Արևելյան Հռոմեական կայսրությունը փորձում էին մեզ «ձուլել»: Բոլորս կարդացել ենք Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», և համոզված ենք Դեմիրճյանի ազգայնական վերապատման հարյուր տոկոս ճշտության մեջ: Թե բա պարսիկները ուզում էին մեզ ստիպել քրիստոնեությունից հրաժարվել: Լավ… եթե այդպես է, ապա ինչո՞ւ պարսիկները դա չարեցին 301 թվականին կամ էլ` 428 թվականին, երբ վերացվեց հայոց թագավորությունը: Սա հասկանալու համար պետք է հասկանալ նախ Հայաստանի դիրքը՝ Հռոմի և Պարսկաստանի միջև: Հին աշխարհում Հայաստանը հաճախ եղել է բուֆերային պետություն այդ երկու կայսրությունների միջև: Պարսիկներն ու հռոմեացիները դարերի ընթացքում ունեին պայմանավորվածություն, որ ոչ մի կողմ չպետք է գրավի Հայաստանը, ընդ որում՝ պարսիկները ունեին մեծ ազդեցություն հայկական արքունիքի վրա (ըստ որոշ վարկածների՝ Երվանդունիները և Արշակունիները պարսկական ազնվական ըտանիքներից էին ծագում):

Չորրորդ և հինգերորդ դարերում դա սկսեց փոխվել: Առանց այդ էլ քրիստոնեացող Հայաստանում (ինչը նրան ավելի էր մերձեցնում քրիստոնեական Հռոմին) սկսվեցին ուժեղ հռոմամետ շարժումներ: Մամիկոնյանները սերտ կապեր էին ստեղծել Արևելյան Հռոմի (Բյուզանդիայի) կայսր Թեոդոսիոս Բ-ի հետ: Սասանյան Պարսկաստանը կարծես այսօրվա «Ռուսաստանն» էր, Հռոմը` «Ամերիկան», իսկ այն ժամանակների համար լիբերալ գաղափարներով քրիստոնյաները` «սորոսականները»: Հռոմեացիների հետ անընդհատ պատերազմող պարսիկները սկսեցին լուրջ մտավախություններ ունենալ, որ Հռոմը կշահագործի իր կապերը հայկական ազնվական շրջանակներում և Հայաստանում «ռազմաբազա» կբացի՝ այնտեղից հարձակվելով Պարսկաստանի վրա: Մի խոսքով` հայկական արևմտամետ քրիստոնեությունը ու հատկապես Մամիկոնյան տոհմը Պարսկաստանի համար դարձան լուրջ սպառնալիք:

Պարսից թագավոր Յազդեգիրդ Գ-ն հայերից պահանջեց, որ կապերը խզեն արևմտյան եկեղեցու հետ և դրա փոխարեն դառնան արևելյան եկեղեցու հետևորդներ: Յազդեգիրդի համար կրոնը, ըստ երևույթին, այնքան էլ կարևոր չէր․ կարևոր էր միայն Պարսկաստանի ռազմավարական անվտանգությունն ու Հռոմի հետ ռազմավարական հավասարակշռությունը, որը վտանգվել էր արևմտամետ Մամիկոնյանների կողմից:

Մամիկոնյանները Յազդեգիրդի պահանջին կտրականապես դեմ էին, իսկ Սյունյաց տունը (որը ղեկավարում էր Վասակ Սյունին) կողմ էր: Սյունյաց տունը (Սյունիքում) Պարսկաստանին ավելի մոտ էր, այդ իսկ պատճառով ավելի սերտ կապեր ուներ պարսիկների հետ: Ներհայկական քաղաքական այս պայքարում թերևս հաղթեցին Մամիկոնյանները, ինչը բերեց Պարսկաստանի հետ առճակատման: Մամիկոնյանները լավ կապեր ունեին հռոմեական կայսր Թեոդոսիուս Բ-ի հետ և համոզված էին, որ նա օգնություն կուղարկի, բայց դա տեղի չունեցավ (ըստ որոշ ասեկոսների՝ Թեոդոսիուսը Վարդանին ասել է, թե` «բյուզանդական նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»):

Ավարայրի ճակատամարտը ավարտվեց Մամիկոնյանների պարտությամբ, Վարդան Մամիկոնյանի մահով և հայկական հանրահայտ այրուձիի կործանմամբ: Սրանից հետո հայկական եկեղեցին Վասակ Սյունիին պիտակավորեց որպես «դավաճան»: Բայց արդյոք Վասակը դավաճանե՞լ էր իր ազգը, թե՞ պարզապես Սյունիները ավելի իրատես էին, հասկանում էին, որ փոքր Հայաստանը պարսիկներին անկարող էր դիմադրել, և այդպիսով հրաժարվել էին մասնակցել Մամիկոնյանների վտանգավոր խաղին: Դժվար է ասել: Կարևորն այն է, որ վերջում մենք կառուցեցինք մեր սիրած «բարոյական հաղթանակը» և մեր է՛լ ավելի շատ սիրած «հերոս/դավաճան» թեզերը:

Շարունակելի․․․