Արդյո՞ք  Ռուսաստանը ճանաչել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը

  • by Western Armenia, 07 Մարտի, 2024 in Քաղաքականություն
71 դիտում

Մաս 2

Երբ, հարցնում ենք արդյոք Ռուսաստանը ճանաչել է Հայերի դեմ իրականացված  ցեղասպանությունը, մենք նկատի ունենք  ոչ միայն իշխանության մարմինները, այլև Ռուսաստանի Դաշնության բազմազգ ժողովրդին: Ռուսաստանում բնակվող հայկական խոշոր համայնքը նույնպես Ռուսաստանի մասն է: Եվ հենց իր ներկայացմամբ պետք է լուծվեն այն խնդիրները, որոնք կապված են նշված իրադարձությունների հանդեպ հիշողության պահպանման և արդարության պահանջի հետ: 

Մեր օրերի ՝ Ռուսաֆոբիայի ֆոնին անհրաժեշտ է պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը տարբեր պատմական իրավիճակներում ոչ հայանպաստ կամ «հակահայ» դիրք գրավել, կարո՞ղ էին, արդյոք, հայ ղեկավարները խուսափել Ռուսաստանի վտանգից, որպեսզի պարզ լինի, թե ինչքանո՞վ է հնարավոր այդ քաղաքականության կրկնությունը: 

Առաջին աշխարհամարտը և Ռուսաստանի դիրքը հայության նկատմամբ 

Առաջին աշխարհամարտի հենց սկզբից հայկական կազմակերպությունները նախաձեռնում են կամավորական շարժում ռուսական բանակի կազմում Օսմանյան կայսրության դեմ կռվելու համար: Հայ վերնախավը հույս ուներ, թե միանալով դաշնակիցներին ու նրանց բանակներում կռվելով` հաղթանակի դեպքում նրանք Արևմտյան Հայաստանում անկախություն կտան:

Ռուսական բանակի կազմում ձևավորում են 5-8 հազար մարտիկներով հայ կամավորական ջոկատներ:

Նաև 1916-ից հետո ֆրանսիական բանակում ձևավորվում է հայ կամավորներից բաղկացած լեգիոն:

1914թ. նոյեմբերի 1-ին բացվեց ռուս-թուրքական ճակատը, եւ ռուսական բանակը, որի կազմում կռվում էին հինգ հայկական կամավորական ջոկատներ, հունվարին 1915թ. վերջնականապես ջախջախեց օսմանյան բանակը Սարիղամիշի ճակատամարտում:

Թուրքական բանակի հրամանատարն էր օսմանյան ռազմական նախարար Էնվեր փաշան, ով հազիվ է փրկվում և կատաղած վերադառնալով  Պոլս՝ իր պարտության համար մեղադրում է հայերին:

Ռուս մեկնաբան Յուլյա Լատինինան գրում է. «Ինչպես բոլոր պարտություն կրած հրամանատարները, նա էլ վերադառնալով Կոստանդնուպոլիս` հայտարարում է, որ դավաճանության պատճառով էր պարտությունը: «Ինձ դավաճանեցին». սա սիրելի խոսքն է անհաջողակ հրամանատարների»:

Սարիղամիշի ճակատամարտից հետո հարավային ճակատում ռուսական բանակը դադար է առնում: Հենց այդ ժամանակ էլ սկսվում են հայերի ջարդերը: Մի քանի ամիս անց` գարնանը, ռուսական բանակն առաջ է շարժվում և գրավում Վանը: Հայ պատմագրության և մտավորական որոշ շրջանակներում վստահ են, որ եթե էլի առաջ շարժվեր, ապա կփրկեր Մուշի և մյուս շրջանների հայերին, բայց փոխարենը ամռանը նահանջում է (հայ հեղինակներն այդ նահանջը անվանում են «կեղծ»), ու ռուսական բանակի հետ գաղթում է թուրքական ջարդերից ինքնապաշտպանությամբ փրկված Վանի և ամբողջ Վասպուրականի բնակչությունը: Որոշ պատմաբաններ գրում են, որ եթե ռուսական բանակն այսպիսի նահանջներ ու դադարներ չտար, ապա կփրկվեին հազարավոր հայեր: Մասնավորապես` Լեոն գրում է. «Ինչ նպատակ ուներ այդ նահանջը, բացատրում էին զանազան եղանակներով: Բայց այդ նպատակներից մեկն էր և հայերի բնաջնջումը, որ և իրականացվեց ամենասարսափելի հաջողությամբ» :

Պետք է հաշվի առնել, որ մինչև 30-ականների կեսը խորհրդային իշխանությունն ամեն ինչում մեղադրում էր ցարիզմին, և Լեոն, այդ ժամանակների կոնյունկտուրային համապատասխան, հայերի կորուստների մեղքը բարդում է Ցարիզմի վրա, և այդ շրջանում գրած նրա երկու հակառուսական գրքերը՝ «Անցյալից»-ը և «Ռուսահայ հեղափոխության գաղափարաբանություն»-ը, դարձան ռուսաֆոբների գլխավոր քարոզչական զենքերը: Ինչպես, օրինակ, epress.am-ն է օգտագործում «1915-ին Ռուսաստանը ծախեց հայերին. Ցեղասպանությունը՝ ականավոր պատմաբանի աչքերով»:

Մտավորականների մեջ նույնիսկ մի կասկած կա, թե Ռուսաստանը գործարքի մեջ է եղել Թուրքիայի հետ և հատուկ առաջ չի գնացել, որպեսզի թուրքերը հեշտությամբ հայերին կոտորեն, հետևաբար ցեղասպանության մեղքի բաժինն ընկնում է նաև Ռուսաստանի վրա, ավելի մոլեռանդ ռուսաֆոբները միայն Ռուսաստանին են մեղադրում: Մեջբերում են Ռուսաստանի արտգործնախարար Ալեքսանդր Լոբանով Ռոստովսկուն (1824-1896) վերագրվող խոսքը՝ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի: 

Օրինակ` http://civilngo.com կայքում ասվում է. «Ցեղասպանությունների ժամանակ ռուսական կողմը «Հայաստանն առանց հայերի» ծրագրի իրականացման շրջանակներում հայերին կոտորելու հարցում ուղղակիորեն աջակցել է թուրքական կողմին»):

Շարունակելի․․․