Արեւմտյան Հայաստանի պետական ​​ճանաչման մասին 1917-1920թթ 

  • by Western Armenia, 04 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
38 դիտում

Ամեն օր աշխարհի տարբեր կետերում տեղի են ունենում բազմաթիվ հետաքրքիր, կարևոր և շրջադարձային իրադարձություններ, որոնք փոխում են պատմության ընթացքը․  ծնվում են նոր անուններ, որոնք իրենց հետքը պիտի թողնեն պատմության մեջ, մահանում երևելի դեմքեր, նոր ստեղծագործություններ են ի հայտ գալիս, նոր հայտնագործություններ արվում, նոր պատմություն է գրվում:

Հայ իրականության մեջ ՝ 1917, 1919 և 1920 թվականներն  առանձնանում են մի քանի իրադարձություններով.

1917 թվականի դեկտեմբերի 29-ին Արևմտյան Հայաստանը առաջին անգամ որպես պետություն ճանաչում ստացավ Ռուսաստանի կողմից։ 

Այս շրջանը պատմագրության մեջ գնահատված է որպես “երկրամասը բնականոն վիճակի բերելուն”, այսինքն՝ հայերի ու մահմեդական բնակչության միջև հավասարակշռություն ապահովելուն ուղղված քայլ՝ որպես ցարական իշխանությունների՝ “Հայաստանն առանց հայերի” քաղաքականության շարունակություն: Նշված է, որ ռուսական իշխանությունների համար, անկախ վարչակարգի փոփոխությունից, նախընտրելի էր փոքր, բայց հանգիստ ու անվտանգ Հայաստան ունենալը: Իսկ հայերին իրենց հայրենի օջախները վերադառնալու հնարավորություն ընձեռելը գնահատված է որպես Կովկասյան ռազմաճակատը փրկելու միակ ելք. ռազմաճակատի հոգսերի ծանրությունը փոխադրել տեղաբնակների վրա, քանի որ ռուս զինվորը հոգնել էր և այլևս չէր ցանկանում կռվել: 

Այս քաղաքականության շնորհիվ Արեւմտյան Հայաստանը պետականություն ստացավ՝ աշխարհասփյուռ հայերի հավաքատեղի դառնալու հեռանկարով։ 

Սակայն Ժամանակավոր կառավարության տապալումն արմատապես փոխեց Ռուսաստանի վերաբերմունքը թե՛ Արևմտյան Հայաստանի, թե՛ Կովկասյան ռազմաճակատի և թե՛ Դաշնակիցների  նկատմամբ, ինչի հետևանքով ձախողվեց ամեն բան:

Արդեն 1919 թվականի Մայիսի 15-ին Պողոս Նուբարի նախագահությամբ կառավարությունը կազմելուց հետո՝ 1920 թվականի  հունվարի 19-ին  Դաշնակից տերությունների գերագույն խորհուրդը փաստացի ճանաչում է  Արևմտյան Հայաստանի տարածքում Հայաստան պետության գոյությունը։ 

Իսկ 1920 թվականի մասին կպատմենք մեր առաջիկա հոդվածաշարում։