Արծվաշենցիները ստորագրահավաք են նախաձեռնել

  • by Western Armenia, 28 Մարտի, 2024 in Քաղաքականություն
56 դիտում

Վերջին օրերին տեղեկություններ է տարածվում, որ Արծվաշեն համայնքի ղեկավարը արծվաշենցիներից ստորագրություններ և ինչ-որ փաստաթղթեր է հավաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը փոխհատուցումների մասին է, որի դիմաց իբր համաձայնություն պետք է տրվի՝ հրաժարվել Արծվաշենից, որը 1992 թվականին օկուպացվել է Բաքվի կողմից: Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը հաստատեց նամակի մասին մեր տեղեկությունը, որ դիմել են կառավարություն: Նա նշեց, որ «փոխհատուցման հարցի և նաև Արծվաշենի շուրջ պտտվող խոսակցությունների, կնճռոտ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար խնդրել ենք մի հինգ բնակչի ընդունել»: Երեկվա դրությամբ կառավարությունից պատասխան դեռ չէր ստացվել:

Ինչ վերաբերում է Արծվաշենից հրաժարվելու խոսակցություններին, ապա Խեչոյանը կտրականապես հերքեց նման հնարավորությունը. «Արծվաշենի ժողովուրդը, տեսնելով, որ խոսվում է Արցախից բռնի տեղահանվածներին փոխհատուցման հնարավորության մասին, ստորագրություններ է հավաքում այն մասին, որ մենք էլ, որպես բռնի տեղահանվածներ, մեր գյուղի համար ենք փոխհատուցում ուզում: Բայց Արծվաշենից հրաժարվելու մասին խոսք չկա ու չի կարող լինել»,-ասած Մամիկոն Խեչոյանը»:

Առաջիկայում  Western Armenia TV-ն կհեռարձակի ծավալուն հարցազրույց ՝ Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանի հետ, ով հանդիսանում է Արևմտյան Հայաստանի զավակ։ Նա արմատներով Բիթլիսից է։