Արցախահայության իրավունքների և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը՝ քննարկման կենտրոնում

  • by Editbeglari, 16 Մայիսի, 2026 in Լուրեր
100 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության երևանյան առաքելությունում տեղի ունեցավ հանդիպում արցախահայության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հարցերով հանձնաժողովի նախագահ, «Շուշի» հայրենատիրական միության նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը։

Հանդիպման հիմնական նպատակը Արցախում բնիկ հայ բնակչության մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ Բաքվի ռեժիմի կողմից իրականացվող ոչնչացման քաղաքականության քննարկումն էր, ինչպես նաև միջազգային իրավական և հանրային հարթակներում այդ հարցի բարձրացման ուղիների որոնումը։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։ Նա անդրադարձավ ներկայումս ընթացող դատական գործընթացներին, որոնք առնչվում են արցախահայության իրավունքների պաշտպանությանը և միջազգային իրավունքի շրջանակներում արդարության վերականգնման հնարավորություններին։ Իր խոսքում նա ընդգծեց, որ արցախահայության իրավունքների հարցը պետք է շարունակաբար մնա միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։

Հաջորդիվ ելույթ ունեցավ Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերով մասնագետ Հովիկ Ավանեսովը, ով ներկայացրեց Արցախում իրականացվող ադրբեջանական վանդալիզմի փաստերը։ Նա մասնավորապես անդրադարձավ հայկական եկեղեցիների, պատմամշակութային կոթողների, գերեզմանոցների և այլ արժեքավոր ժառանգության ոչնչացման դեպքերին՝ շեշտելով, որ մշակութային ցեղասպանության այս դրսևորումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի պատմական հիշողության համար։

Բանախոսը նաև ներկայացրեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հայկական մշակութային ժառանգության պահպանման և միջազգային կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ՝ կանխելու շարունակվող ավերածությունները։

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև Արցախի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը։ Նա ներկայացրեց իր տեսակետները Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության կարևորության վերաբերյալ՝ ընդգծելով, որ պատմամշակութային արժեքների պահպանումը ոչ միայն ազգային, այլև համամարդկային նշանակություն ունի։

Միջոցառման ավարտին ներկաներին դիմեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը, ով կարևորեց համազգային համախմբվածությունը և հետևողական աշխատանքը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։