Արցախից բռնի տեղահանված բնակիչների շահերը ներկայացնող ՀԿ-ների ուղերձը միջազգային հանրությանը

  • by Editbeglari, 15 Հուլիսի, 2024 in Լուրեր
242 դիտում

Արցախից բռնի տեղահանված բնակիչների շահերը ներկայացնող Հասարակական կազմակերպությունները ուղերձով դիմել են միջազգային հանրությանը՝ շեշտելով, որ ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանն, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ռեժիմի կողմից: 

Նշում են, որ իրենց ընդհանուր որոշումը՝ լքել տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, եկեղեցիներն ու նախնիների գերեզմանները, որոնք պաշտպանել են դարերով, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ 

Բացատրում են, որ իրենք հեռացան, քանի որ միայն այդպես կարող էին բացահայտել այն մեծ սուտը, որի վրա հիմնված էր հակամարտությունը լուծելու քաղաքական գաղափարը, ստիպելով մեզ և մեր երեխաներին հավատարմության երդում տալ և ընդունել մեզ ատող պետության քաղաքացիությունը։ 

«Երեք տասնամյակ շարունակ մենք մեր բոլոր ուժերով պաշտպանել ենք մեր երեխաների խաղաղության և ազատ զարգացման իրավունքը: Մենք հակադրվում էինք քաղաքական գործարքներին՝ որոնք մեզ առաջարկում էին ի վնաս մեր հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրավունքի, որը ձեռք է բերվել բազմաթիվ մարդկանց կյանքի գնով մեր, հանուն ազգային արժանապատվությունը պահպանելու երկար դարերի պայքարում։ Եվ այս պայքարը չի ավարտվել»,- նշված է հայտարարության մեջ։

Շարունակում են՝ հակամարտության երեք տասնամյակի ընթացքում ոչ մի պետական գործիչ, քաղաքական գործիչ կամ միջազգային իրավական իշխանության ներկայացուցիչ չի պատասխանել մի պարզ հարցի. ինչո՞ւ Բաքուն և այլ պետություններ, որոնք իրավական առումով ճանաչել են օրենքի գերակայության սկզբունքին հետևելու պարտավորությունը՝ որպես իրենց պետականության հիմնարար սկզբունք, կարող են չկատարել, այս սկզբունքից բխող, Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու պարտավորությունը։ 

«Մենք մտադիր չենք փոխել մեր համոզմունքները ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ ցանկացած այլ քաղաքական հանգամանքներում»,- շեշտել են նրանք։ 

Եվրոպան և ամբողջ ժողովրդավարական աշխարհն այսօր կանգնած են ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգն Արցախում, հիմնված ինքնորոշման իրավունքի և մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կամ լռելյայն համաձայնել, որ ագրեսիան, շրջափակումը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են: 

Ներկայացրել են 5 կետեր, որոնք իրենց կարծիքով՝ հայրենիք խաղաղ վերադարձի համար անհրաժեշտ են.

Առաջին՝ պետք է լիովին բացառվի Բաքվի կողմից Արցախի քաղաքացիների հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը: Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է ազատ արձակվեն։ 

Երկրորդ՝ Բաքվի զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքից և Շահումյանի շրջանից, որտեղ Բաքուն կրում է 1992 թվականին էթնիկ զտումներ իրականացնելու ողջ պատասխանատվությունը։ Նաեւ բացառում են Արցախի քաղաքացիների վերադարձը հայրենիք՝ Ադրբեջանի իրավասության ներքո։ 

Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։ 

Չորրորդ՝ Արցախի սահմանի երկայնքով պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր և ստեղծվի ապառազմականացված գոտի։ 

Հինգերորդ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը և Շահումյանի շրջանը պետք է փոխանցվեն ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական ինստիտուտների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։