Արցախից տեղահանված հայերին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի․ Դունյա Միյատովիչ 

  • by Western Armenia, 12 Հունվարի, 2024 in Քաղաքականություն
39 դիտում

Բաքվի  և Երևանի իշխանությունները խաղաղ բանակցային գործընթացում պետք է ուշադրությունը կենտրոնացնեն մարդու իրավունքների պաշտպանության վրա և մարդու իրավունքների պաշտպանության խիստ երաշխիքներ սահմանեն հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:

Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հրապարակելով իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ Արցախ կատարած այցի արդյունքների վերաբերյալ։

Զեկույցի մեջ նշվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր մարդու իրավունքների նման բնույթի առաքելություն կարողացել այցելել Արցախ։ Նշվում է, որ այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 հազար Արցախահայերի զանգվածային տեղահանումն էր Հայաստան:

«Տեղահանումը հաջորդել էր սեպտեմբերի 19-ին և 20-ին Բաքվի ռազմական գործողություններին, տարածաշրջանի նկատմամբ Բաքվի հետագա լիակատար վերահսկողությանը և մարդկանց տեղաշարժի և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև ընդհատումներին, որոնց բախվել էին ղարաբաղահայերը՝ Բաքվի կողմից Բերձորի միջանցքի երկայնքով ճանապարհի իննամսյա շրջափակման հետևանքով։ Հայաստանում հանձնակատարը զրուցել է Արցախահայերի  հետ, որոնք Արցախից հեռացել էին և գտնվում էին իշխանությունների տրամադրած ապաստարաններում։

Ստեփանակերտից բնակչության հեռանալուց հետո հանձնակատարը ականատես էր եղել դատարկ փողոցների, լքված տարածքների և քաղաքացիական անձանց ներկայության գրեթե լիակատար բացակայության։

Իր լսածի և տեսածի հիման վրա հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախի  հայերը լքել են իրենց տները՝ առանց որևէ կողմի որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ հասանելի և խելամիտ տարբերակն էր»,- նշված է զեկույցում։

Ողջունելով Արցախյան տարածաշրջանից ժամանած բոլոր կարիքավորներին առաջին հիմնական օգնություն ցուցաբերելու Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած ղարաբաղահայերին և, մասնավորապես, խոցելի խմբերի համար պետք է երաշխավորված լինի անհապաղ, անհրաժեշտ աջակցության հասանելիությունը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։

«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է շարունակեն հատուկ ուշադրություն դարձնել ֆինանսական աջակցության տրամադրմանը ՝ ապահովելու համար, որ տեղահանված անձանց և նրանց ընդունող բնակչության մարդասիրական կարիքները լիովին բավարարվեն»,-ավելացրել է հանձնակատարը։

Հանձնակատարն ընդգծել է, որ վերջերս Հայաստան տեղահանվածԱրցախահայերին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ Արցախ անվտանգ և արժանապատվորեն, նույնիսկ եթե այս պահին դա հիպոթետիկ է թվում մեծամասնության համար, այդ թվում՝ ճկուն լուծումներ գտնելու միջոցով, մասնավորապես՝ նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ կապված:

«Հնարավոր վերադարձի ակնկալիքով պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում ՝ անվտանգության երաշխիքներ սահմանելով, որպեսզի ղարաբաղահայերը կարողանան ժամանակավորապես մուտք գործել իրենց տներ կամ սովորական բնակության վայրեր և այցելել գերեզմանատներ, որտեղ թաղված են նրանց մերձավորները։

Բաքվի իշխանությունները պարտավոր են ապահովել, որ Արցախի հայերի թողած գույքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց:

Այն սակավաթիվ էթնիկ հայերը, որոնք մնացել են Արցախի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանության բոլոր միջոցներից, այդ թվում՝ նրանց ազատ տեղաշարժի ապահովման միջոցով»,- ասված է զեկույցում։

Հանձնակատարը հույս է հայտնել, որ բոլոր ներքին տեղահանված անձինք, որոնք կցանկանան, կկարողանան հնարավորինս շուտ վերադառնալ անվտանգության և արժանապատվության պայմաններում:

Ընդհանուր առմամբ, հանձնակատարը շեշտել է, որ երկարատև հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր անձինք իրավունք ունեն կամավոր և՛ անվտանգության, և՛ արժանապատվության պայմաններում վերադառնալ իրենց տներ կամ բնակության վայրեր:

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք հաղորդվում են հակամարտության հետ կապված, պետք է արդյունավետ և օպերատիվ կերպով հետաքննվեն, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, և, եթե նրանք մեղավոր ճանաչվեն արդար, անկախ և անկողմնակալ դատավարությունից հետո, պետք է պատժվեն։ Դա ներառում է Բերձորի  միջանցքի շրջափակման, արցախահայերի զանգվածային տեղաշարժի և սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հանգամանքների վերաբերյալ պնդումները»,-ասել է հանձնակատարը։

Զեկույցում նաև նշվում է, որ պետք է նաև համապարփակ մոտեցում ցուցաբերվի արցախյան  հակամարտության համատեքստում տեղի ունեցած մարդու իրավունքների լուրջ խախտումների լուծմանը։

Հանձնակատարի խոսքում արծարծված մարդու իրավունքների այլ հարցեր ներառում են մարդկանց ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հակամարտության պատճառով ձերբակալված անձանց վիճակը, ներառյալ նրանց կալանքի տակ պահելու պայմանները և նրանց ընտանիքների հետ շփման մակարդակը, տարածաշրջանում անհայտ կորածների ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարևորությունը։

https://www.coe.int/en/web/commissioner/-/armenia-and-azerbaijan-effective-human-rights-protection-of-all-persons-affected-by-the-conflict-over-the-karabakh-region-is-key-to-the-success-of-the-peace-process