Արցախի անունը քրեականացնել հնարավոր չէ

  • by Editbeglari, 13 Մարտի, 2026 in Լուրեր
137 դիտում

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հրապարակային գրառմամբ անդրադարձել է Արցախի հարցի շուրջ ձևավորված քաղաքական և հասարակական իրավիճակին։ Նրա խոսքով՝ անընդունելի է այն մոտեցումը, ըստ որի պետք է պատժվեն մարդիկ, ովքեր հիշեցնում են Արցախի մասին, խոսում են վերադարձի իրավունքից կամ բարձրաձայնում պատմական ողբերգությունները։

Հակոբյանը նշում է, որ որոշ շրջանակներում փորձ է արվում սահմանափակել «Արցախի Հանրապետություն» անվան օգտագործումը և քննադատաբար է վերաբերվում այն դեպքերին, երբ պաշտոնյաները պատժվում են Արցախի թեման բարձրաձայնելու համար։ Նրա կարծիքով՝ նման քայլերը վկայում են ճշմարտությունից խուսափելու մասին։

Պատգամավորը շեշտում է, որ հնարավոր չէ քրեականացնել Արցախի անունը կամ վերացնել արցախցիների վերադարձի իրավունքը։ Նրա համոզմամբ՝ անհնար է նաև ջնջել ժողովրդի պատմական հիշողությունը, քանի որ Արցախում մնացել են մարդկանց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։

Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ որևէ իշխանություն չի կարող «պատերազմ հայտարարել» բառերին, գրքերին կամ հիշողությանը և հաղթել այդ պայքարում։ Նա ընդգծում է, որ Արցախի հարցը չի կարող փակվել քաղաքական հայտարարություններով և արդար լուծում կարող է ունենալ միայն այն ժամանակ, երբ վերականգնվի արդարությունը և մարդիկ հնարավորություն ունենան վերադառնալ իրենց հայրենի տուն։