Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ Ռոման Երիցյան

  • by Editbeglari, 28 Մայիսի, 2026 in Լուրեր
132 դիտում

Արցախի մի շարք բարձրաստիճան զինվորականներ, որոնք ժամանակին Հայաստանում ստացել էին անհատույց բնակարաններ, վերջին շրջանում ստացել են ծանուցումներ՝ այդ բնակարանները ազատելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ գործընթացը վերաբերում է մի քանի տասնյակ անձանց, այդ թվում՝ իր մի քանի վստահորդների։ Երիցյանը նշել է, որ ծանուցումներում որպես հիմք նշվում է նախկինում կատարված «խախտումներով հատկացում», սակայն որևէ կոնկրետ իրավական խախտում չի ներկայացվում։

Փաստաբանը տեղեկացրել է, որ իր վստահորդների շահերը պաշտպանելու նպատակով դիմել է դատարան՝ վիճարկելով որոշումների իրավաչափությունը։ Նրա համոզմամբ՝ դատական ատյանները պետք է գնահատեն գործընթացի օրինականությունը և բացառեն կամայական մոտեցումները։

Նշվում է նաև, որ ավելի վաղ նման գործընթաց սկսվել էր նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից վտարելու գործողությունը կասեցվել էր։

«Սրանից վա՞ռ ատելության դրսևորում․ ատելություն են քարոզում, չեն ուզում, որ արցախցիները Հայաստանում որևէ բանով ապահովված լինեն։ Ոնց որ Արցախից դուրս բերել, հասցրել են այստեղ, անտուն թողել, հիմա էլ ով տնավորված է եղել, ուզում են անտուն թողնել»,- ասաց Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով սկսված գործընթացին։